Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՍՈՒՆ ԱՍՏԻՃԱՆ

Հոկտեմբեր 27,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր ութերորդ

ՔԱՌԱՍՈՒՆ ԱՍՏԻՃԱՆ

Եվ Ֆրունզիկը տեղից վեր կենալով հորս ասաց՝ «ես հրավիրատոմսերը կհանձնեմ դռնապանին, որ քեզ ու Վոլոդյային  տա» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «Հակոբն ու Վոլոդյան երրորդ կարգում կնստեն, դու ու Արմենչոն էլ կուլիսներից կնայեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես բեմի պատասխանատուին կնախազգուշացնեմ, որ կուլիսներում  ձեր համար աթոռներ դնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ բազկաթոռներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ապագա ռեժիսորի համար կուլիսներից ներկայացում նայելը շատ օգտակար ա», եւ Ֆելոն ասաց՝ «մի անգամ կուլիսներից նայել եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց՝ ռայոնական թատրոնում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ռայոնական թատրոնում հաշիվ չի», եւ Ֆելոն ասաց՝ «Արտաշատի թատրոնում «Ռուզան» ներկայացումը կուլիսներից եմ նայել», եւ հայրս ժպտալով Ֆելոյին ասաց՝ «Արտաշատի թատրոնն ու «Ռուզանը» հաշիվ չեն. պիտի Երեւանում Ֆրունզի «Գվիդոնը» կուլիսներից նայես», եւ Ֆելոն ասաց՝ «էդ «Ռուզանի» մեջ գլխավոր դերերից մեկն ընկերս էր խաղում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «Ռուզանի դերն է՞ր խաղում», եւ Ֆելոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «չէ. իշխաններից մեկի դերն էր ընկերս խաղում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «մինչեւ ընկերոջդ կենսագրությունը պատմես, «Սրտի արատը» կսկսվի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանց Ֆրունզիկ Մկրտչյանի չեն կարա «Սրտի արատը» սկսեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ներկայացման մեջ ընկեր Մկրտչյանն անփոխարինելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ Գվիդոնի դերն ուրիշ ոչ ոք չի կարա խաղա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «չեն էլ փորձել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փոխարինող չունենալն էլ մի ուրիշ դժբախտություն ա», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա դժբախտություն», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը իմաստներով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ փոխարինող չես ունենում, քառասունմեկ աստիճան տաքություն էլ ունենաս, պիտի գնաս՝ դերդ խաղաս», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «հետդ էդ տեսակ բան պատահել ա՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քառասունմեկ աստիճան չի պատահել, բայց քառասուն աստիճան պատահել ա», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «քառասուն աստիճանում ո՞նց ես խաղացել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց  ու փռթկացնելով ասաց՝ «երեւակայի՝ ավելի լավ եմ խաղացել, քան՝ սովորական օրերին», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «քառասուն աստիճանում ի՞նչ ես խաղացել», եւ Ֆրունզիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էն՝ ինչ որ էսօր պիտի խաղամ՝ Գվիդոն» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ամենից շատ ծափերի էդ օրն արժանացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աճեմյանը գլխի էլ չէր ընկել, որ տաքության մեջ եմ խաղում», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, անփոխարինելի լինելն էլ մի բան չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հաստատ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031