Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ միշտ լինելու է քննադատության թիրախ. Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 26,2017 23:42

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է քաղաքական դպրոցի սաներին, ովքեր ամենատարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող, նրանց մի մասը անկուսակցական է կամ տարբեր կուսակցությունների անդամ: Նշելով, որ արդեն երկրորդ անգամ է հանդիպում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Նախագահը հույս է հայտնել, որ այս հոսքի սաները ևս առավելագույնս արդյունավետ կօգտագործեն իրենց ուսումնառության ժամանակահատվածը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:

Դասախոսության սկզբում Նախագահը խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ դրանք համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց: Սերժ Սարգսյանը տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից և քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր մարդկանց անուններ տալ, ովքեր կուսակցականներ են և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում և իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին: Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, Հանրապետության Նախագահի կարծիքով, նրանք են, ովքեր դարձյալ ժամանակ առ ժամանակ են զբաղվում քաղաքականությամբ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, սակայն նրանց քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ: Ըստ Նախագահի Սարգսյանի՝ այս երկուսի կողքին կան նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես զբաղվում են քաղաքական գործունեությամբ՝ ունենալով որոշակի դիրք տվյալ քաղաքական կազմակերպության մեջ: Նախագահի համոզմամբ՝ քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ:

Իր մոտեցումները ներկայացնելուց հետո բանախոսն առաջարկել է հանդիպումը շարունակել երկխոսության ձևաչափով՝ արծարծվող մտքերի շուրջ լսել միմյանց կարծիքները և մեկնաբանել հնչած տեսակետները:

Հանրապետության Նախագահը լսարանին խնդրել է առաջին հերթին կարծիքներ հայտնել, թե առհասարակ ի՞նչ որակներ են անհրաժեշտ քաղաքական գործչին: Հնչած բազմաթիվ տեսակետներին, որոնց հետ Նախագահը հիմնականում համաձայնել է, նա հավելել է ևս երեք հատկանիշ, որ, իր կարծիքով, պետք է ունենա քաղաքական գործիչը.
«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել և այստեղ ասվեց այդ մասին, բայց ոչ շատ հստակ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների:

Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը քաղաքական դպրոցի ունկնդիրներին այնուհետև առաջարկել է միասին փորձել հասկանալ, թե ի՞նչ է նշանակում արագ փոփոխվող աշխարհ, ի՞նչ է նշանակում արագ փոքրացող աշխարհ, և մեր իրականության վրա այդ երևույթն ի՞նչ ազդեցություն է ունենում:
Քննարկված թեմաներից են եղել նաև Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ սպառնալիքներն ու դրանց չեզոքացման ուղիները, որոնց շուրջ Հանրապետության Նախագահը և հանդիպման մասնակիցները իրենց տեսակետներն են ներկայացրել:

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացին և այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներին ևս: Նախագահն առաջարկել է դպրոցի սաներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, լավ նախապատրաստվել և առաձին հանդիպում կազմակերպել այս հարցի շուրջ՝ ներկայացնելու իրենց տեսակետները, փաստարկներն ու հակափաստարկները: Սերժ Սարգսյանը խոստացել է, որ սիրով կընդունի հերթական հանդիպման հրավերը և կմասնակցի այդ կարևոր քննարկմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ինչու՞ չեն հրավիրել առաջին (№1) նախագահին:
    Նա էլ է ճառ կարդալու վարպետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031