Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքսիկացի պատգամավորներին Ադրբեջանի սեւ ցուցակ ընկնելը չի էլ անհանգստացնում». Շարմազանով

Հոկտեմբեր 26,2017 21:45

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են քաղաքական մեծամասնության աշխատանքները ԱԺ նիստերի ժամանակ, մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված խնդիրներ, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցերը: ՀՀԿ-ն այս պահին ունի 60 համայնքապետի թեկնածուներ, ԲՀԿ-ն՝ 6, ՀՅԴ-ն՝ 3:

Այդ մասին խոսելով՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քաղաքական մրցակցությունը այնքան էլ մեծ ներկապնակ չունի: Նա նշեց, որ նիստում քննարկվել են նաեւ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական հարցեր:

Մեքսիկացի պատգամավորների՝ Արցախ այցի հետ կապված Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն բողոքի նոտա է հղել, նրանց արդեն հասցրել են սեւ ցուցակներում ընդգրկել: Շարմազանովն այս կապակցությամբ ասաց. «Դա իմ մեքսիկացի գործընկերներին չի էլ անհանգստացնում, նրանք շատ լավ իմացել են, թե ուր են գալիս: Արցախում մենք ունեցել ենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, բոլոր խմբակցությունների հետ կապված:

Երբ Ադրբեջանի դեսպանը կամ արտգործնախարարությունը ջանք չեն խնայում եւ ասում են, որ իրենք պետք է հետաքննություն սկսեն, թե ինչպես են իրենք հայտնվել ՀՀ-ում եւ Արցախում, ջանք խնայելու բան չկա, եղել է հրավեր իմ կողմից, իրենք ցանկացել են լինել Արցախում, իրենց աչքերով տեսնել Արցախի Հանրապետությունը, մենք իրենց ցանկությունը իրականացրել ենք: Մեկնել ենք, երկու օր եղել ենք Արցախում, շատ բարձր տրամադրությամբ վերադարձել են Արցախից, հասկացել են, որ Արցախում զարգանում է ժողովրդավարական անկախ պետություն եւ մի բան են հասկացել՝ ազատությունն ու անկախության սկզբունքը եւ արժեքը Արցախի քաղաքացիների համար անբեկանելի եւ անքննարկելի սկզբունք է»:

Շարմազանովը անդրադարձավ նաեւ Ժնեւյան հանդիպումից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություններին: Նրա խոսքով՝ դրանք ներքին սպառման համար են եւ որեւէ  ընդհանուր բան չունեն բանակցվող փաստաթղթի կամ սկզբունքների հետ. «Բայց եթե նույնիսկ ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության մասին, այստեղ եւս պետք է իրենց հիասթափեցնեմ՝ Արցախը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Արցախը ոչ մի օր, ոչ մի վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»:

Շարմազանովն ասաց, որ 23-24 թթ-ին ԼՂԻՄ-ն ունեցել է իր Սահմանադրությունը, Խորհրդային ժամանակաշրջանում, ԼՂ-ն ընդամենը տնտեսական կապի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նա ունեցել է  Խորհրդային միության ԳԽ-ում 4 պատգամավոր՝ առանց Ադրբեջանի միջնորդության:

Ըստ Շարմազանովի, ինչքան իրավունք ունեին Հայաստանը, Լատվիան, Վրաստանը անկախանալու Խորհրդային միությունից, այնքան իրավունք էլ ուներ Ղարաբաղն անկախանալու եւ նույն ընթացակարգերով ԼՂ-ն անջատվել է ոչ թե Ադրբեջանից այլ՝ Խորհրդային Միությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031