Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է». Շարմազանով

Հոկտեմբեր 26,2017 22:03

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանն՝ ասաց. «Մեր հիմնական երաշխիքը ՀՀ եւ Արցախի հանրապետության զինված ուժերն են: Մենք պետք է ուժեղացնենք մեր անվտանգությունը: Եվ քանի դեռ մենք ունենք հարեւան, որը ամենաբարձր մակարդակով գալիս է եւ Ժնեւում ստորագրում է մի հայտարարության տակ, հետո գնում է եւ Սպայկով հրթիռներ է ուղղում երկու անգամ ադրբեջանա-արցախյան շփման գծի վրա, նաեւ զինվոր է սպանում հենց շփման գծում, բնականաբար խոսում է այն մասին, որ մենք պետք է ապրենք մի փիլիսոփայությամբ՝ ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր կռվի»:

Շարմազանովն ընդգծեց, որ հայկական կողմը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է. «Պատերազմներով հարցեր չեն լուծում, բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Դրանով է պայմանավորված, որ բյուջեի նոր նախագծով պաշտպանական ծախսերն ավելացվել են»:

Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՊՆ նախարարը պետք է 7 տարվա զարգացման ծրագիր կազմի: Հարցին՝ սա հեռացող նախագահի հանձնարարակա՞ն է, նա վարչապե՞տ է լինելու, թե՞ կուսակցության ղեկավար է մնալու՝ Շարմազանովը պատասխանեց. «Նախ, նախագահի լիազորություններն ավարտվում են 2018-ի ապրիլին: Սա ֆիքսում ենք, որ Սերժ Սարգսյանը նախագահ լինելու է մինչեւ 2018-ի ապրիլ, նրա ժամկետն ավարտվում է: Սա պետական ազգային գործչի, իշխող քաղաքական ուժի ղեկավարի եւ գործող նախագահի հանձնարարականներ են:

Մինչեւ 2022-ը ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը, բնականաբար՝ մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է: Հիմա ում դուրը կգա, ում դուրը չի գա՝ պարոն նախագահը մեր թիմի միակ առաջնորդն է եւ ինքը շարունակելու է մնալ մեր առաջնորդը: Թե ինչ կարգավիճակով, ոնց՝ 2018-ի ապրիլը կգա՝ կքննարկենք, կներկայացնենք: Բայց այն, որ Սերժ Սարգսյան պետական ու ազգային գործչի ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը, կարծում եմ, շատ մոտ է իրականությանը»:

Շարմազանովն ասաց, որ շատ հպարտ են, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներն. «Շատ հպարտ ենք, որ իրականացնում ենք այն քաղաքական գիծը, որի ղեկավարը Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031