Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետ Նուռը նախարար Ամիրյանին ասաց՝ մրցանակ շահած իր գործը չի վաճառելու, մինչև աշխարհն ավելի լավը չդառնա

Հոկտեմբեր 26,2017 20:25

74 երկրների 417 արվեստագետներ՝ 1100 ստեղծագործություններով, իսկ գլխավոր մրցանակը Հայաստանում է: Ֆլորենցիայի միջազգային բիենալեից «Ոսկերչության արվեստ» անվանակարգում գլխավոր մրցանակով՝ Լորենցո Մեդիչիի ոսկե մեդալով վերադարձած Արման Նուռն այսօր դրանով համարվում է աշխարհի 12 հայտնի նկարիչներից մեկը, իսկ ոսկերչության ոլորտում՝ առաջինը:

«Այս տարի արվեստագետների մասնակցությունը չորս անգամ ավելին էր, քան երբևէ եղել է: Դա նշանակում է, որ մրցակցությունը չորս անգամ ավելին էր, քան նախորդ տարիներին: Այնտեղ ես բացահայտեցի, որ բիենալեի պատմության մեջ որևէ փոքր երկրի չի տրվել այս մրցանակը»,-փայլուն հաղթանակի առիթով մշակույթի նախարարին հյուրընկալված Արման Նուռը նաև պատմեց, որ մրցանակ շահած «Ճանճն» ունեցել է այն գնելու բազմաթիվ առաջարկներ, բայց չի վաճառել, որովհետև որոշել է՝ «Ճանճը» չի վաճառելու այնքան ժամանակ մինչև աշխարհն ավելի լավը չդառնա: Արվեստագետը համոզված է և վստահեցնում է.

«Ճանճի» միջոցով իրոք կարելի դառնալ ավելի լավը: Երկու ստեղծագործությունները՝ «Ճանճ»-ն ու շուրջ 2.7 մետրանոց «Էվոլյուցիան» փոխկապակցված են ընդհանուր ասելիքով. «Ճանճը» պատմում է սիրո մասին: Ինչո՞ւ որոշեցի ընտրել ճանճը որպես սիրո մասին պատմող կերպար, որովհետև ճանճին բոլորն ատում են: Որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք, դա կլինի ճանճ, թշնամի…, մենք պետք է փորձենք աշխարհին նայել հենց նրա աչքերով, որովհետև իր հայացքով ՝ ինքը ճիշտ է, ամենալավն է, ամենաբարին է և ամենագեղեցիկը: Որպեսզի այս «Ճանճը» սովորեցնի մեզ նայել ատելիի աչքերով և սիրել, պարզապես շրջում ենք «Ճանճը», և այն վերածվում է ակնոցի՝ բոլորովին այլ հայացքով: Դրանից հետո մարդիկ այլ կերպ են վերաբերվում ատելությանը»:

Նուռը նաև համոզված է, որ աշխարհով մեկ շրջագայելուց հետո «Ճանճը» փոխարինելու է Պիկասոյի՝ խաղաղության խորհրդանիշ դարձած աղավնուն, որովհետև խաղաղության ժամանակակից գաղափարախոսությունն ավելի ագրեսիվ է, և աղավնին այլևս բավարար չէ մարդուն դեպի խաղաղություն տանելու: Արվեստագետի բնորոշմամբ, ճանճն է այսօր վերացնում բնության մեջ հայտնված խոտանը, իսկ մենք խոտան շատ ենք տալիս:

«Տեղին է, որ մեր ազգը քարոզում է սեր: Ֆլորենցիայում շատերն էին ասում՝ հետաքրքիր է, որ հենց դու՛ք եք այստեղ բերել այդ սերը «Ճանճի» միջոցով: Սիրել ատելին, հատուկ է քրիստոնեությանը, իսկ դուք առաջին քրիստոնեա ազգն եք: Շնորհավորելիս ժյուրիի բոլոր անդամներն ինձ դիմում էին հենց իմ խոսքով, որն ավելի դիպուկ ու գեղեցիկ է հնչում անգլերեն. ,,If you can love fly, you can love everything, and you can fly,, ։

Նուռի ինքնատիպ ստեղծագործության միջազգային «շրջագայությանն» ու արվեստագետի այլ փայլուն գաղափարներին աջակցելու պատրաստակամությամբ նախարար Ամիրյանն այսօր արվեստագետին առաջարկեց հետաքրքիր գաղափարները «գործի դնել» նաև հայ կինոյի ոլորտում: Այդ առումով նախարարի նվերն էլ խորհրդանշական էր՝ Անկախության 25-ամյակին նվիրված հայկական ֆիլմերի հավաքածու:

«Այս հաղթանակը մեծ պատիվ է մեզ համար, մանավանդ որ ընտրել եք սիրո թեման ու ձեր ստեղծած ինքնատիպ կերպարի միջոցով կարողացել եք «ճեղքել» ժամանակակից եվրոպացու սիրտն ու Հայաստան բերել այդ մրցանակը: Նոր չէ , որ պետք է խոսենք ձեր արվեստի որակի ու բարձրության մասին, միաժամանակ մեզ շատ գոհացնում և «շոյում» են ձեր հաջողությունները, որոնք նաև մեր երկրի հաջողություններն են»,-ասաց նախարարը:

Արման Նուռն ու Արմեն Ամիրյանը բաժանվեցին՝ դեռևս չիրագործած համատեղ գաղափարներն իրականություն դարձնելու պայմանավորվածությամբ: Արդեն իրականություն դարձած համատեղ գաղափարների (գրատնակներ, «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակ-արձանիկ և այլն) փորձը հուշում է՝ ամեն ինչ հրաշալի է լինելու:

Ի դեպ, Նուռի «Ճանճն» ու «Էվոլյուցիան» ատելին սիրու գաղտնիքն առաջիկայում կբացահայտեն նաև Երևանում՝ Նուռի ցուցասրահում և Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

Ալիսա Գևորգյան

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031