Բարենցբուրգից (Շպիցբերգենի արշիպելագ) ոչ հեռու ռուսական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին Twitter-ում հայտնել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:
«Ռուսական ուղղաթիռը, որում եղել է 8 մարդ, ընկել է ծովը Բարենցբուրգից 2-3 կմ հեռու: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է գործողությունները, մանրամասներ չեն հաղորդվում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ուղղաթիռն ամենայն հավանականությամբ ռուսական Պիրամիդա բնակավայրից թռչում էր դեպի Բարենցբուրգ: Այն կործանվել է տեղի ժամանակով 15:35-ի սահմաններում: «Կոնվերս ավիա» ընկերությունից հայտարարել են, որ ուղղաթիռը պատկանում էր իրենց:
Փրկարար ծառայության տվյալներով՝ ուղղաթիռը աղետի ազդանշան չի տվել: Առայժմ փրկարարներին չի հաջողվել գտնել ուղղաթիռը:
«Կոնվերս ավիայի» գլխավոր տնօրենի օգնական Դմիտրի Ժելեզնյակը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ուղղաթիռի կործանման վարկածը դեռ չի հաստատվել, սակայն դրա հետ կապն ընդհատված է արդեն 1.5 ժամ:
Աղետի ենթադրյալ վայր են ուղարկվել երկու փրկարար նավ և մեկ ուղղաթիռ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Կոնվերս ավիայի» աշխատակիցները: Բարենցբուրգում ռուսական հյուպատոսությունից հայտնել են, որ ստուգում են ուղղաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ