Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ են գործում ապաստաններ, բայց նման որևէ խնդիր առաջ չի քաշվել. Իննեսա Պետրոսյան

Հոկտեմբեր 26,2017 19:50

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի շուրջ փաստաբանների կարծիքներն էլ են հակասական: Օրինակ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պալատում օրենքի նախագծի վերաբերյալ անցկացված քննարկմանը հայտարարեց, թե վտանգ կա, որ բռնարարից հեռացված և ապաստան տեղափոխված անձը հենց ապաստանում ենթարկվի բռնության:

Մինչդեռ կան փաստաբաններ, որոնք կողմ են Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ներդրմանը, քանի որ այն զսպվածություն կառաջացնի ընտանիքներում:

Ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի ներկայացուցիչ, փաստաբան Իննեսա Պետրոսյանը, անդրադառնալով ապաստանների հետ կապված հնչեցված մտահոգությանը, վստահեցրեց, որ անձը ոչինչից ապահովագրված չէ. «Կարծում եմ՝ դրանք ծայրահեղ բաներ են, որ դժվար թե այդ փաստարկից ելնելով՝ մտածենք, թե ապաստաններում կարող է վտանգ լինել: Հիմա էլ են գործում ապաստաններ, բայց նման որևէ խնդիր առաջ չի քաշվել: Այդ ապաստանները լինելու են նրա համար, որ մարդիկ ավելի պաշտպանված լինեն»:

Մեր այն հիշեցմանը՝ մի շարք փաստաբաններ պնդում են, որ ընտանեկան բռնության կանխարգելման երաշխիքներ տալիս է նաև ներկայիս օրենսդրությունը՝ օրինակ՝ քրեական օրենսգիրքը, տիկին Պետրոսյանն արձագանքեց. «Համամիտ չեմ: Քրեական օրենսգիրքը խնդիրը տեղափոխելու է քրեական դաշտ: Մինչդեռ այս դեպքում խոսքը քրեական դաշտի մասին չէ, այլ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի, որ քաղաքացիներն իրազեկ լինեն՝ սխալ է բռնություն կիրառելն ընտանիքի անդամների նկատմամբ, որ դրա համար կարող է իրենք պատասխանատվության ենթարկվեն, բայց ոչ քրեական, եթե, իհարկե, նրանք քրեական հանցագործություն չեն կատարել: Այս օրենքի ընդունումն ընտանիքներում զսպվածություն կապահովի»:

Ընդդեմ օրենքի արտահայտվող փաստաբանների մյուս մտահոգությունն այն է, որ մի երրորդ մարմին խառնվելու է ընտանիքի գործերին: Տիկին Պետրոսյանը հավաստիացրեց, թե ինքը միայն  մի բանի մասին է մտածում, որ բռնություն չլինի ընտանիքներում, որ անձը, որը ձեռք կբարձրացնի իր ընտանիքի անդամի վրա, շատ լավ տեղեկացված լինի, որ կա  նման օրենք, որի հիման վրա ինքը կարող է պատասխանատվության ենթարկվել, նախազգուշացվել և ընտանիքից հեռացվել:

Փաստաբանը հորդորեց. «Եկեք մեր քաղաքացիների պաշտպանվածության մասին մտածենք: Այս օրենքը գալիս  է պաշտպանելու ընտանիքում այն անձին, որը կարող է ենթարկվել բռնության կամ ենթարկվում է: Ի՞նչ է նշանակում երրորդ անձ: Կարող է  քրեական հանցագործություն լինել ու ասենք ինչո՞ւ է պետությունը մտնում այդ ընտանիք: Դա ծայրահեղ դեպքերին է վերաբերվում, հուսանք՝ մարդիկ իրազեկված լինելով՝ նման ծայրահեղությունների չեն դիմի: Իսկ եթե, Աստված հեռու տանի, նման խնդիրներ առաջ գան, պետք է նաև օրենքի դրույթները կիրառվեն»:

Մեր այն հարցին՝ այն, որ անգամ փաստաբանների շրջանում կա տարաձայնություն չի՞ վկայում այն մասին, որ օրենքի կիրառությունը վաղաժամ է, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ այս օրենքն ավելի ճիշտ կարող է ուշացած լինել, քան վաղաժամ: Անցյալ տարի ընտանեկան բռնության դեպք գրանցվեց, որն ավարտվեց սպանությամբ: Համամիտ եմ, որ ընտանիքը բարձր արժեք է, մեր մենթալիտետն այլ է, բայց մյուս կողմից էլ հենց Հայաստանում՝ շրջաններում դեպքեր ունենք, որ բռնությունը շատ մեծ տեղ ունի: Ուղղակի այդ օրենքի բացակայության պատճառով շատ ընտանիքներում ստիպված են լինում հանդուրժել բռնությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031