Այսօր Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի լիագումար նիստում` ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռոմելա Դադայանը հանդես են եկել հայտարարություններով:
Իր ելույթում Հայկ Խանումյանը խոսել է մասնավորապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի տարբերակի վրա, որը, ըստ նրա ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է. «Սա բերելու տարբեր խնդիրներ և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների»:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նկատեց, որ առաջիկայում իրականացվելու են հանրային քննարկումներ` տեղական ինքնակառավարման օրենքի և հայեցակարգի մասին, և այս պահին վերջնական պատկերացում, հետևաբար նաև գնահատականներ տալը դեռևս վաղ է:
ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Հայաստանում` 2017 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը.
«Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ և բանակը պահելու գործում, և զինծառայողի ընտանիքի կողքին կանգնելու հարցում: Գտնում եմ` հասել է պահը, որպեսզի մենք ևս ունենանք համանուն օրենք»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ