Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է հնարավոր, որ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հրապարակած ցուցանիշները չհամընկնեն

Հոկտեմբեր 26,2017 17:47

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության վերաբերյալ հոկտեմբերի 24-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը` Կարեն Կարապետյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը, տարբեր ցուցանիշներ հնչեցրին: ՀՀ վարչապետն ասաց, որ 2017 թ. առաջին 8 ամիսներին 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5%-ով: ՌԴ վարչապետը նշեց, որ այդ թիվը կազմում է 30 %:

Aravot.am-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ցուցանիշները տարբեր: Ի պատասխան, նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցի պատասխանը ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) կարող է տալ:

ԱՎԾ-ից հայտնեցին, որ ապրանքների արտահանման վերաբերյալ ԱՎԾ տվյալները ստացված են պետական եկամուտների կոմիտեից եւ նույնությամբ արտացոլված են իրենց փաստաթղթերում: Այսինքն` նշյալ ժամանակահատվածում ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է այնքան, որքան վարչապետի հրապարակած թիվն է:

Նշենք, որ ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով, Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը ոչ թե 30 տոկոս է, ինչպես հայտարարել է ՌԴ վարչապետը, այլ` 28,4 տոկոս, այդուհանդերձ տարբերություն կա եւ այն, ըստ ՀՀ ԱՎԾ պատասխանատուների ունի իր բացատրությունը: ԱՎԾ կայքում ներկայացված է ցուցանիշների տարբերության պատճառները, այսինքն` թե գործընկեր երկրների հետ ինչի պատճառով կարող են ցուցանիշները տարբերվել, որոնք, ըստ ծառայության պատասխանատուների, պայմանավորված են որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով:

ԱՎԾ մեկնաբանմամբ. «Համաձայն միջազգային չափանիշների, գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ (ՍԻՖ-ն իր մեջ ներառում է ապահովագրությունը եւ տրանսպորտային ծախսերը մինչեւ ներմուծող երկրի տարածք) գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով (ՖՕԲ գինը ներկայացնում է ապրանքի արտահանումը մինչեւ սահման): Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաեւ տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը եւ ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման եւ ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց եւ ունենալ միեւնույն մեծությունը»:

Ըստ նույն աղբյուրի, ցուցանիշները կարող են տարբեր լինել նաեւ այն պատճառով, որ ծագման երկրում ապրանքների արտահանման առաքման գրանցման ամսաթվի եւ ընդունող երկրի գրանցման ամսաթվի միջեւ առաջանում է ժամանակային տարբերություն, որը միջազգային առեւտրում միջինում կազմում է 3-4 շաբաթ եւ տատանվում է կախված երկրի աշխարհագրական դիրքից, օգտագործվող փոխադրամիջոցի տեսակից, տեղափոխվող ապրանքների բնույթից:

Մեկ այլ գործոն էլ ԱՎԾ-ն նշում է, որ որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձեւակերպվելու պատճառով:

Ինչպես տեղեկանում ենք, ցուցանիշների տարբերություն կարող է առաջանալ նաեւ հետեւյալ պատճառով. «Շատ երկրներում կան սահմանափակումներ առանձին ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված, օրինակ, ազգային սահմանները հատելիս գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է»:

Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղման հետեւանքով էլ կարող են երկու երկրների առեւտրաշրջանառության ցուցանիշները չհամապատասխանել: Ըստ ԱՎԾ-ի` ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաեւ միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը եւ արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով, առեւտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031