Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանի առաջատարությամբ շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Կրետե կղզի

Հոկտեմբեր 26,2017 17:30

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս գիշեր մեկնել են Կրետե կղզի: Հերսոնեսոս քաղաքում հոկտեմբերի 28-ին մեկնարկում են տղամարդկանց 21-րդ եւ կանանց 12-րդ թիմային առաջնությունները:

Մեկնելուց առաջ գլխավոր մարզիչներ Արշակ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը խոսել են նախապատրաստության ընթացքի եւ նպատակների մասին:

Արշակ Պետրոսյան. «Հոկտեմբերի 14-ից 24-ը թիմը հավաք է անցկացրել Ծաղկաձորում, որտեղ տղաներն աշխատել են ինչպես զուտ շախմատային պարապմունքների, այնպես էլ ֆիզիկական պատրաստվածության վրա: Յուրաքանչյուրը օրվա առաջին կեսին զբաղվել է ֆիզիկական կուլտուրայով եւ իր նախընտրած մարզաձեւով: Նրանց մարզական նախասիրությունները որքան էլ տարբեր են, բայց բոլորն էլ հաճույքով միասին ֆուտբոլ են խաղում: Թիմում տրամադրվածությունը բարձր է: Տղաները ցանկանում են հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: Հավաքականի կորիզը կազմում են բազմափորձ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը: Նրանց առաջին անգամ միացել է Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը լավ շախմատիստ է, կարողանում է խաղատախտակի առջեւ իրեն լավագույն կողմերով դրսեւորել: Նա կարող է օգտակար լինել հավաքականին: Սակայն առաջնության ընթացքը ցույց կտա, թե դրա անհրաժեշտությունը որքան կլինի:

Ընդհանրապես, Հերսոնեսոսում շատ հետաքրքիր ճակատամարտեր են սպասվում: Մի քանի թիմեր են հավակնելու չեմպիոնի տիտղոսին: Հուսով եմ՝ մենք նույնպես կլինենք նրանց շարքում», – ասել է Արշակ Պետրոսյանը:

Կանանց ազգային հավաքականը նույնպես նախապատրաստությունն անցել է Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը գոհ է Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալոյանի, Մարիա Կուրսովայի եւ Մարիա Գեւորգյանի մարզավիճակից, սակայն գերադասել է կանխագուշակություններ անելուց ձեռնպահ մնալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031