Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նաեւ առաջնագծի համար է կարեւոր

Հոկտեմբեր 26,2017 17:27

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95 թվականներին Հայաստանի ԱԱՊՎ ղեկավար Դավիթ Շահնազարյանը համամիտ է իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի հետ`պետք չէ հակադրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունների հետ:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ նա առաջարկեց այս հարցում չափազանց պրագմատիկ լինել:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խնդիրն այսօր նա տեսնում է Եվրամիությունում եւ ԵՄ անդամ երկրների մեջ. «Այդ դաշտում է, բայց այդ դաշտում մենք պետք է խաղանք: Իրենց դաշտում մենք պետք է գնդակով խաղանք, բայց շատ ակտիվ, որովհետեւ ժամանակ չի մնացել: Աշխատանք անելու համար մնացել է երկուսուկես շաբաթ»:

Իր տեղեկություններով, այս պահին քաղաքական խոչընդոտներ չկան համաձայնագրի ստորագրման համար, մնում է իր կարծիքին` գուցե տեխնիկական խնդիրներով ստորագրումը հետաձգվի. «Իմ ունեցած տեղեկություններով, կարծես այստեղ մեծ խնդիրներ չկային: Կային խնդիրներ երեք երկրների հետ, մեկում այդ հարցը հստակ լուծվել է, եւ լուրջ հույսեր ունեմ մտածելու, որ այդ երկու երկրներում եւս խնդիրը կլուծվի»:

Հիմա իշխանությունների կողմից ինքն ակնկալում է շատ ավելի ակտիվ գործողություններ. «Կան Եվրամիության առնվազն մի քանի մայրաքաղաքներ, որտեղ հսկայական գործ կա անելու՝ առաջին հերթին՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք հռչակագրի տեքստի հետ կապված»:

Լուրջ դիվանագիտական աշխատանքի դեպքում, ասում է` կարելի է ավելի դրական արդյունքների հասնել: Ասում է նաեւ, որ «շատ դժգոհ չենք» այդ համաձայնագրում Արցախի հարցում առկա ամրագրումից: Միաժամանակ նկատում է`վտանգներ և, ըստ այդմ, անելիքներ շատ կան. դրանք հրապարակման ենթակա չեն:

Իսկ որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ստորագրվելու է`վաղ թե ուշ, կասկած չունի: Ասում է`պրագմատիկ լինենք, այս հնարավորությունը բաց չթողնենք, սա մեզ նաեւ առաջնագծի համար է կարեւոր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031