Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գերնպատակն է, որպեսզի «թատրոն» առարկան մտնի դպրոց, ինչպես «շախմատը». «Նռան հատիկ» փառատոնի նախագահ

Հոկտեմբեր 26,2017 17:14

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան 17-րդ փառատոնը՝ «Արևը բոլորինն է» խորագրով:

«Ինչպես փառատոնի պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանն է գրել իր ուղերձում, «Նռան հատիկն» արդեն գեղեցիկ և հասուն պատանի է: Բեմադրություններն այս տարի կներկայացվեն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, մեկ ներկայացում՝ Երևանի խամաճիկների թատրոնում»,- «Նռան հատիկ» փառատոնի մեկնարկային ասուլիսում այսօր հայտարարեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը:

Նա վստահեցնում է, որ փառատոնի խաղացանկին կնախանձեր պրոֆեսիոնալ յուրաքանչյուր թատրոն:

«Մենք ունենք անգամ Շեքսպիր, որը ներկայացնելու են հաշմանդամ երեխաները: Նրանք չունեն բարդույթներ, և դա մեր փառատոնի կարևոր ձեռքբերումներից է»,-ասում է Ղազարյանը:

Փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանի տեղեկացմամբ, մասնակից թատերախմբերի թիվն այս տարի քառասունն է՝ 42 ներկայացմամբ:

«Թատերախմբերն ամեն տարի ավելանում են: Այս տարի թատերախմբեր ունենք Գեղարքունիքից, Լոռուց, Արմավիրից, Արարատից, Տավուշից, Արցախից և Երևանից: Սփյուռքից, ցավոք, այս տարի ոչ մի թատերախումբ չի մասնակցում: Մեր գերնպատակն է, որպեսզի «թատրոն» առարկան մտնի դպրոց, ինչպես «շախմատը», որովհետև դա երեխաների համար բոլորովին ուրիշ աշխարհ է: Մշակույթի նախարարության ֆինանսավորման շնորհիվ հեռավոր շրջաններից եկած երեխաներին մենք ապաստան կտրամադրենք: Հինգ խմբեր 2-3 օր կմնան մայրաքաղաքում և կդիտեն իրենց հասակակիցների խաղը: Դա շատ կարևոր է, որովհետև մի բան է «գյուղական պատուհանից» տեսնել այդ ամենը, բոլորովին այլ բան է, երբ երեխաները գալիս են քաղաք ու վայելում իրենց հասակակիցների խաղը: Երեխաներն իրենց համար մի ամբողջ աշխարհ են բացահայտում»,-ասում է փառատոնի նախագահ Արուսյակ Մանթաշյանը:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանի բնորոշմամբ, «Նռան Հատիկը» զուտ փառատոն չէ, այլ մեծ տոն՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար՝ որպես յուրատեսակ վերադարձ դեպի մանկություն:

Ի դեպ, փառատոնը մրցութային չէ: Ըստ Գարիկ Ղազարյանի, այդպես որոշվել է հանուն երեխաների, որպեսզի նրանք սթրես չտանեն, հանգիստ բարձրանան բեմ ու խաղան:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031