ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ հարցին, թե ՊՆ-ից ստացած ինչ պատվոգրի մասին էր այսօր ակնարկում նախարար Վիգեն Սարգսյանը, երբ նկատի ուներ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին, որը չի ծառայել եւ զբաղվել է գիտությամբ:
Նա պարզաբանեց, որ 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո «Ելք»-ը դիմել է ՊՆ-ին եւ գնացել դիրքեր՝ կամավորական աշխատանքներ կատարելու: «Տեւական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, մեր կամավորներն ինժեներական աշխատանքներ են կատարել՝ խրամատներ են փորել»,-նշեց նա:
«ՊՆ-ն դրա համար պատվոգիր է տվել: Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը…որ մարդը գիտնական է, համ էլ՝ խրամատ է փորել, ուրեմն դա խայտառակությո՞ւն պետք է համարվի: Քանի՞ հոգի է այստեղից խրամատ փորել»,-հարցադրումներ արեց Էդմոն Մարուքյանը:
Ապա հավելեց՝ «ԱԺ շենքում խրամատ փորողների տեսե՞լ եք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ