Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պլան» ցանողները կպատժվեն. Հիմա օրենքն արգելում է նման բույսերն աճեցնելն ու շրջանառելն առհասարակ

Հոկտեմբեր 26,2017 16:35

Քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթ է բերել ԱԺ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Թմրամիջոցների նոր տեսակների ի հայտ գալու պատճառով ուզում են փոփոխություններ կատարել: Եղիազարյանն ասաց, որ նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի չափերի հարցում: Հիմա հաշվի են առնելու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, հոգեներգործության չափը: Նախատեսվում է կատարել եւս մեկ կարեւոր փոփոխություն, Քրօրի 273 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թմրամիջոցներ կամ այլ նյութեր պարունակող բույսեր ապօրինի, նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ աճեցնելու համար: Բայց օրենսդրորեն չէր մեկնաբանվում այդ բույսերը ցանելու, աճեցնելու կարգը: Հիմա առաջարկվում է ապօրինի բառը հանել եւ ամրագրել, որ արգելվում է շրջանառությունը, աճեցնելն առհասարակ:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ նվազագույն չափը, որը ենթադրում է պատասխանատվություն, կապվում է ֆիզիոլոգիայի հետ: Արդյոք ստանդարտների հաստատման խնդիր չկա՞, կարո՞ղ է մեղավորները արդարացվեն եւ լինի հակառակը, պատժվեն անմեղները: Նա նաեւ հարցրեց, թե ինչո՞ւ պիտի այդ ցանկը սահմանի կառավարությունը եւ ոչ թե օրենքով լինի:

Եղիազարյանը պատասխանեց. «Մենք չենք հասցնում ներկայացնել եւ ընդունել այն քանակի թմրամիջոցների հոսքը, որը վերջին տարիներին շռնդալից թափվեց մեր գլխին, խոսքը չարաբաստիկ սփայսների մասին է: Շուրջ 500 անվանում թմրամիջոցների կարողացանք ներգրավել ցանկի մեջ, բայց հետո ունեցանք 27 դեպքեր, որոնց չկարողացանք արձագանքել, որովհետեւ չունեինք հիմքերը, եթե կառավարության որոշումով սահմանվի, կկարողանանք արագ արձագանքել դրան:

Սերգեյ Բագրատյանն էլ ասաց՝ հոգեներգործությունը դուք ո՞նց կարող եք չափել, դա չափելի երեւույթ չէ: Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ բժիշկ մասնագետներ կան. «Այսօրվա գործող նորմերով էլ կա որոշակի քանակ ու մասնագետները վստահեցնում են, որ քրեագիտական հիմքերից զուրկ են: Այսպես ավելի որոշակի է դառնում: Եթե կոպիտ ասեմ՝ մեկ կամ կես միլիգրամը չի ազդի մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:

Բագրատյանը հորդորեց առհասարակ օգտագործողներին պատժել, որեւէ չափ չդնել:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ Պորտուգալիան ամբողջությամբ ապաքրեականացրել է հերոինի, կոկաինի, առհասարակ թմրամիջոցների օգտագործումը, արդյունքում՝ օգտագործումը խստագույնս կրճատվել է: Նա հորդորեց միջազգային փորձն ուսումնասիրել. «Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր երկրում հնարավոր քիչ լինի այս արատավոր երեւույթը, բայց միշտ չէ, որ պետք է դրա դեմ պայքարել մահակով: Ոստիկանությունն այս հարցում մնացել է 20-րդ դարում»: Նա հորդորեց պորտուգալական փորձն ուսումնասիրել եւ գնալ դրա հետքերով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031