Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ավելորդ չպճնենք տոնածառը

Հոկտեմբեր 26,2017 16:23

«Սա նվազագույնն է, որ այս պահին Հայաստանը կարող է անել: Մենք ձգտում ենք ավելիին»,- «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ավելին ասելով, պատգամավորը նկատի ունի Ասոցացման համաձայնագիր ստորագրելը, որը կներառի նաեւ զատ եւ համապարփակ առեւտրի մասին դրույթ: Մինչ այդ, ԵՄ-ՀՀ նոր պայմանագիրը համարում է լավ բանակցված, ասում է բավական ճկուն դրույթներ է պարունակում: Ընդգծում է`ստորագրման համար երկու կողմերն էլ հավասար պատասխանատվություն ունեն: Եթե այն չստորագրվի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, իրենց համար արդեն կարեւոր չի լինի, թե ո՞ւմ պատճառով. «Կողմերը պետք է բավարար քաղաքական կամք ունենան»:

Երկրորդ անգամ նույն իրավիճակում հայտնվելը, երկու կողմի համար էլ ամոթալի է համարում: Նա հույս ունի, որ որեւէ առիթ չի օգտագործվի եւ կողմերը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին ու կստորագրվի այն պայմանագիրը, որ Հայաստանին կառանձնացվի թե ԵԱՏՄ, թե ԱՊՀ անդամ երկրների շարքում:

Ասում է, մենք ավելի ներուժ ունենք ԵՄ-ի հետ, քան առկա իրավաքաղաքական բազան է. դա այս պայմանագիրն ապահովում է: Այժմ դեպի ԵՄ դուռն ավելի փոքր է, բայց ունենք այն, ինչ ունենք: Հիշեցնում է`իրենց օրակարգում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն առաջարկում է փորձագետներին եւ քաղաքական գործիչներին`չհակադրել ԵՄ-ի հետ հնարավորությունները ԵԱՏՄ-ի հետ գործընթացներին: Կարծում է, դա սխալ է եւ վնաս կարող է տալ: Հիշեցնում է`Հայաստանը շարժվում է ոչ թե հակադրումների, այլ համադրումների քաղաքականությամբ: Վնասակար է համարում նաեւ 2013-ի քննարկումների շարունակումը, քանի որ դրանք տանում են փոխադարձ մեղադրանքների դաշտ եւ փաստում է` քաղաքական ուժերը մեծածասամբ կիսել են իշխանության մոտեցումը,:

Չի հիշում նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հասարակական ըմբոստություններ: Առաջարկում է չգերագնահատել նաեւ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրից սպասելիքները: Ասում է`ամեն ինչ կախված է լինելու կողմերի աշխատանքից: Հիշեցնում է, որ չորս տարի առաջ Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, դրա տնտեսական մասն ուժի մեջ մտավ մեկուկես տարի անց: Քանի որ ԵՄ ներկայիս հանձնաժողովն ավելի ճկուն է, կարծում է ուկրաինական սցենարով իրադարձությունները չեն զարգանա:

Արմեն Աշոտյանը ուշադրություն է հրավիրում նաեւ ԵՄ-ի սեփական ներքին խնդիրների վրա: Բայց կարեւորում է ՀՀ-ԵՄ ստորագրվելիք փաստաթուղթը, քանի որ այն ամուր կապում է Հայաստանի Արեւելյան գործընկերության հետ`անկախ նրանից, թե մյուս երկրներում ինչ է կատարվում: Չի խորշում նաեւ Արեւելյան գործընկերության ապագա ճգնաժամերի մասին խոսելուց:

Կիեւում առաջիկայում կայանալու է Եվրանեսթի գագաթաժողովը. եվրոպացի 60 պատվիրակից 18-ն են մասնակցելու դրան: Ասում է`եվրոպացի պատգամավորները չեն մասնակցում նաեւ Բյուրոյի նիստերին: Կարծում է`Արեւելյան գործընկերության նկատմամբ ուշադրության պակաս կա: Վերլուծաբանները տարբեր բացատրություններ են տալիս, ինչեւէ, ինքը կարծում է, որ իրականության հետ պետք է հաշվի նստել`ավելորդ «չպճնելով տոնածառը»` ակնկալիքների մասով:

Պաշտոնական Երեւանը գոհ է այս փաստաթղթում Արցախի հարցի ամրագրման ձեւից: Հայաստանը ձգտում է, որ իրավական փաստաթղթի այդ դրույթը նաեւ քաղաքական մասում լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031