«Բանակ եմ գնացել հարթաթաթությամբ, մազերս էլ բանակում են թափվել: Մեր տոհմում չի եղել նման բան, բանակում է այդ խնդիրն առաջացել»-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից կասկածի տակ էր դրել «Ելք»-ի պատգամավորների՝ ծառայած լինելու փաստը:
Խմբակցության պատգամավորները դեմ են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որը ենթադրում է տարկետման վերացում:
Էդմոն Մարուքյանը նշեց, թե որտեղ է ծառայել եւ կասկածողներին խորհուրդ տվեց իր կենսագրությունն ուսումնասիրել. «Այն դիրքերը, որտեղ ծառայել եմ, դրանց տեղը իրենք գոնե գիտե՞ն»:
Էդմոն Մարուքյանը նաեւ աբսուրդ որակեց այն փաստը, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում չի ցանկանում այլակարծություն հանդուրժել. «Ի՞նչ էին կարծում՝ ինչ օրինագիծ բերեն, բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկելո՞ւ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ