Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեն նյարդերը հանգստացնող է, եթե թվերի մեջ չխորանաս»

Հոկտեմբեր 26,2017 16:08

Հոկտեմբերի 26-ից 28-ը Հայաստանում անցկացվելու է «Տվյալների վիզուալացում եւ տեղական ինքնակառավարում» թեմայով համաժողով, որին մասնակցելու են նաեւ օտարերկրյա փորձագետներ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ համաժողովի կազմակերպիչներից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնի» նախագահ Ղարիբ Հարությունյանն ասաց, որ համաժողովի նպատակն է դրսի հաջողված փորձին ծանոթանալ եւ փորձի փոխանակում իրականացնել, թե՝ ինչպես է հնարավոր բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը պետական բյուջեի վերահսկմանը: Հարությունյանի ներկայացմամբ, իրենց ստեղծած հարթակի միջոցով ներկայացվում է բյուջեի թվային պատկերը, բայց պետք է նաեւ պարզել, թե ինչ կա այդ թվերի հետեւում. «Մենք Գյումրիում մոնիթորինգ արեցինք լուսավորության եւ աղբահանության ոլորտում, թե ինչ արդյունքներ կան, ինչպես են ծախսվել գումարները: Նախաձեռնել ենք ասֆալտապատման ոլորտում էլ նույնն անել»:

Հունգարիայից ԻՆԵԿՈ – Տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների ինստիտուտի նախագահ Պիտեր Գոլիասն էլ քննարկման ժամանակ ասաց, Հունգարիայում, երբ պետական ծախսերը չէին վերահսկվում եւ հանրությունը տեղյակ չէր, պետական պարտքի կառավարման վերահսկողության մեխանիզմ չկար, իշխանությունն ավելի ու ավելի շատ պարտքեր էր կուտակում ու շատ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվում. «Եվ մենք սկսեցինք հավաքագրել քաղաքապետարանների, մարզերի ֆինանսական տվյալները, դրանք համադրելով՝ հրապարակեցինք: Սա մեծ հետաքրքրություն առաջացրեց մեդիայի եւ հանրության շրջանում: Դրանից հետո հանրային ճնշումներ սկսեցին՝ ֆինանսներն արդյունավետ ծախսելու համար»:

Բանախոսի պատմելով՝ իրենց փորձը Մոլդովայում եւ Ուկրաինայում են ներդրել: Այս երկրներում առանձին բյուջեների համար հարթակներ են ստեղծվել, որի միջոցով պարզվել է՝ Մոլդովայում քաղաքապետը, որն իշխող կուսակցությունից է, ավելի շատ գումար է ստանում, քան մյուս քաղաքապետերը, որոնք իշխող կուսակցությունից չէին: «Սա մի բան էր որ հանրությունը գիտեր, բայց փաստերով դա ավելի տեսանելի էր»,-ասաց Գոլիասը:

Ասուլիսի մասնակից Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ Հայաստանում նույնիսկ պետական կառույցներն են տվյալները վիզուալացնում, կա ինտերակտիվ բյուջե. «Բոլոր ծախսերին կարելի է հետեւել, նյարդերը հանգստացնող է, եթե թվերի մեջ չխորանաս: Նույնն անում է Երեւանի քաղաքապետարանը: Բայց կա լուրջ խնդիր՝ մի կողմից օրենքը պահանջում է հրապարակել բյուջեի ծախսերը, մյուս կողմից չկա հստակություն, թե՝ ի՞նչ ֆորմատով դա պետք է լինի եւ սարսափելի խառը վիճակ է: Մեկը՝ «doc», մյուսը՝ «exel» կամ «PDF» ֆայլերով են հրապարակում, կամ էլ փաստաթուղթը սքան արած ու կնքած, որը կիրառելի չէ տվյալների մշակման համար: Տվյալների վիզուալիզացիան պետք է ընկալելի լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031