Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը բողոքում է Նաիրա Զոհրաբյանի՝ «թաղային հեղինակությանը բնորոշ բառամթերքից», հորդորում նազանքով լինել

Հոկտեմբեր 26,2017 15:42

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Միքայել Մելքումյանն ասաց, որ հակամրցակցային քաղաքականությունը լուրջ բարեփոխումների կարիք ունի, բոլորը խոսում են, որ պետք է պայքարել մենաշնորհների դեմ եւ ժամանակն է, որ նոր օրենք ունենանք տնտեսական մրցակցության պաշտպանության մասին: Բայց քանի դեռ ամբողջական օրենքը պատրաստ չէ, առաջարկում են գոնե փոփոխել այն. «Նախագծով մենք կարողանանք գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները ճշգրտել: Շեմ ենք փորձում դնել շրջանառությունը, առաջարկեցինք դա լինի 500 մլն դրամը, կառավարությունը առաջարկեց դնել 1.5 մլրդ դրամ, մենք ընդունեցինք»:

Երկրորդ կարգավորումն այն է, որ եթե երկու սուբյեկտ շուկայում ունի 50 տոկոս միասին, փոքր տոկոս ունեցող սուբյեկտը նույնպես հանգրվանում է գերիշխող դիրքի կարգավիճակում, իսկ նրանց նկատմամբ հանձնաժողովը առանձնահատուկ մոտեցում ունի, անընդհատ մոնիտորինգի տակ են ընկնում:

Մինչեւ հիմա 1-2 տոկոս ունեցողը օրենքի բացից ելնելով կարող էր համարվել գերիշխող: Օրենքի նախագծով առաջարկվում է մեղմացում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, նախագծի մասին հանձնաժողովի տեսակետը ներկայացնելիս հիշեց, որ նախօրեին Նաիրա Զոհրաբյանը իր հասցեին ասել էր՝ «Մեզ մի քիչ դժվար է սպառնալը, սա պետք է ձեր ականջին օղ արած լինեիք»: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ թաղային հեղինակություններին բնորոշ տոն եւ բառամթերք է օգտագործել Զոհրաբյանը. «Անկասկած, մեկ այլ պարագայում ես այդ արտահայտությունը ինձ հասցեագրված անպատասխան չէի թողնի: Բայց հավատացնում եմ, իմ դաստիարակությունը թույլ չի տալիս հաշվի չառնել, որ դուք կին եք: Դուք ոչ միայն կուսակցության ներկայացուցիչ եք, այլ՝ կին, հետեւաբար փորձեք կնոջը բնորոշ նազանքով, վեհությամբ այս ամբիոնն օգտագործել: Ընդունեք սա որպես ավագ ընկերոջ բարեկամական հորդոր»:

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը չուշացավ. «Անկեղծ ասած, չէի սպասում, որ այս նախագծի քննարկումը պիտի վերածի պարոն Հարությունյանն ինչ-որ անձնական հաշիվներ մաքրելու, բայց եթե այդպես է՝ ես էլ հակադարձում եմ՝ «Ծառուկյան դաշինքին որեւէ մեկը չի կարող սպառնալ ո՛չ երեկ, ոչ այսօր, ոչ էլ վաղը: Եվ եթե իմ այս դիտարկումը, դահլիճից հնչած դիտողություններին, որ որեւէ մեկը չի կարող մեզ սպառնալ, ընկալվել է որպես անձնական վիրավորանք, ապա անձնական վիրավորանքի իմ եւ ձեր մոտեցումները տարբեր են: Դա բնավ անձնական վիրավորանք չի եղել ձեր հասցեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031