Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԳՄ նախագահը կոչ արեց մենակ չթողնել տնից զրկվող բանաստեղծին

Հոկտեմբեր 26,2017 15:36

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է հոկտեմբերի 27-ին զրկվել հայրական տնից, նա ֆինանսական խարդախությունների զոհ է դարձել: Բանաստեղծին սատար են կանգնել ոչ միայն հայ մտավորականները` Ղազար Միրզոյանը, Արմեն Ավանեսյանը, Թադեւոս Տոնոյանը, Դավիթ Գասպարյանը եւ այլք, այլեւ ռուս գրողները: Վերջիններս նաեւ նամակ են գրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Aravot.am-ի հետ զրույցում գրականագետ Արմեն Ավանեսյանը նրան աջակցելու ուղիներ մատնանշեց. «Օրինակ, կարելի է կազմակերպել Խաչիկ Մանուկյանի քառահատորյակի վաճառքը եւ իր վաստակով բանաստեղծը կարող է որոշակի հարց լուծել եւ դուրս գալ այն աբսուրդային իրավիճակից: Վերջին տարիների պոեզիայի լավագույն նմուշները զետեղված են այդ քառահատորյակում, դա կարող է նախաձեռնել նաեւ ԿԳ նախարարությունը»:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է, որ 4-5 տարի զբաղվել են Մանուկյանի խնդրով, որն անհեթեթ պատճառներով ծառացել է նրա ընտանիքի առաջ. «Ես, որպես Հայաստանի գրողների միության նախագահ, ինչ կարողացել արել եմ՝ իր բանկային հարցերի հետ կապված: Հիմա հաշվեհամար է բացվել, կոչ եմ անում, որ մեր ընկերները, գործարարները եւ հնարավորություն ունեցող մարդիկ կարողանան աջակցել»:

Նա նաեւ ասաց, որ Խաչիկ Մանուկյանի հարցով Գրողների միությունը դիմել է թե ՀՀ նախկին, թե ներկա վարչապետին: Էդվարդ Միլիտոնյանը Խաչիկ Մանուկյանին բնորոշեց որպես մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել, նաեւ լավ մարդ ու հոյակապ ընկեր:

Ի դեպ, Աշխարհի հայ նկարիչների միությունը եւ Հայաստանի գրողների միությունը համատեղ կատարել են նկարահավաք, տպագրվել է «Նվիրաբերում» պատկերագիրքը: Եթե նվիրաբերված նկարները վաճառվեն, այդ հասույթով հնարավոր կլինի փակել բանաստեղծի պարտքը:

Նախաձեռնող խումբը, որի մեջ են Ղազար Միրզոյանը, Շանթ Մկրտչյանը, Էդուարդ Հախվերդյանը, Ներսես Մելիքյանը եւ Վահագն Սարգսյանը, հաշվեհամարներ է բացել, որպեսզի ցանկացողները կարողանան աջակցել հայրական տունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Խաչիկ Մանուկյանին: Հաշվեհամարների մասին տեղեկատվությունը առկա է նաեւ բանաստեղծի ֆեյսբուքյան էջում:

Հավելենք, որ Խաչիկ Մանուկյանի երկու որդիներն էլ ծառայել են առաջնագծում: Նրա կրտսեր որդին՝ Արամը, ապրիլյան պատերազմի մասնակից է, պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, մյուս որդին՝ Վաչագանը, պաշտպանել է Քարվաճառի սահմանը եւ պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Խաչիկ Մանուկյանի լուսանկարը` ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031