Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կայացավ Արցախի ԱԺ վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը

Հոկտեմբեր 26,2017 15:21

Այսօր կայացավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստին ներկա էին 29 պատգամավոր. բացակա 3 պատգամավոր (մեկ պատգամավորի լիազորություններ էլ դադարեցված են): Նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկված էր 3 հարց:

Օրակարգի առաջին հարցը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին էր: Ըստ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրությամբ կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը սահմանվում է նախագահի հրամանագրով, իսկ նախորդ Սահմանադրությամբ այդ գործառույթը իրականացվում էր օրենքով: Հաշվի առնելով նախորդ ամսում նախագահի հրամանագրով սահմանված պետական այլ մարմինների կառուցվածքը, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքը ուժը կորցրած ճանաչել:

Նախագիծը ընդունվեց և օրինական ուժ ստացավ 26 կողմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հաջորդ հարցը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին էր: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշեց, որ նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Կայացավ քվեարկությունը և նախագծի փաթեթը ընդունվեց միաձայն:

Երրորդ հարցը, որը քվեարկության արդյունքում ևս ընդունվեց միաձայն, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին էր: Ըստ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի` մրգային օղիներից, մասնավորապես խաղողի օղու արտադրությանը խթանելու անհրաժեշտությունից ելնելով, գործող օրենքով խաղողի օղու արտադրության համար տարեկան պետական տուրքը սահմանված է 3 միլիոն դրամի չափով, մինչդեռ այլ մրգային և հատապտղային օղիների տարեկան տուրքը կազմում է 50 հազար դրամ: Մյուս կողմից, ըստ նախարարի, գինու արտադրությամբ զբաղվող սուբյեկտների համար նպատակահարմար չէ բավականին մեծ ծավալ կազմող արտադրության ընթացքում գոյացող մնացորդների վերամշակումը օղու ստացման համար, քանի որ այդ գործընթացը իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա: Հաշվի առնելով սա,ֆինանսների նախարարը առաջարկում է խաղողի օղու լիցենզավորումը ներառել այլ մրգային օղիների լիցենզավորման կարգին:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031