Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղազախ-ղրղըզական «հակամարտություն» ԵԱՏՄ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 15:18

Բելառուսցի փորձագետ Վյաչեսլավ Յարոշեվիչը կարծում է, որ առանց գազի եւ նավթի միասնական շուկայի ԵԱՏՄ-ի շրջանակներում դժվար է երկարաժամկետ զարգացումներ ապահովել: «Դրական է, որ տարբեր հարցեր քննարկվում են, այդ թվում նաեւ փաստաթղթաշրջանառության թվայնացումը, բայց դա նույնն է, ինչ ժամանակին տիեզերք թռչելու հեռանկարն էր: Օրակարգում այսօր հարեւան շրջանների միջեւ կաթի եւ մսի տեղափոխման խնդիրներն են: Առաջին տարին չէ, որ նման խնդիրներ են ծագում»,- այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի սրահում կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ ասաց փորձագետը:

Հեռուստակամուրջի մասնակիցներն այսօր ամփոփում էին երեկ Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին`մինչեւ 2025 թվականի միասնական էներգետիկ շուկա ձեւավորելու, տրանսպորտային փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային դարձնելու, միասնական ոսկերչական շուկա ձեւավորելու եւ այլնի մասին:

Մսի եւ կաթի տեղափոխման դժվարությունների մասին խոսել է Ղրղըզստանի ներկայացուցիչը: Իրենք հարեւան Ղազախստանի հետ սահմանային անցակետերում խնդիր ունեն: Պայմանավորվածություն էին ձեռք բերել գոնե մեծ բեռնատարների մասով հարցն արագ կարգավորել: Չի ստացվում: Ասում է`ղրղըզական կողմը վեց րոպեում է բաց թողնում բեռնատար մեքենաները, ղազախականը`3,5 ժամում: Այս խնդրի ընդհանուր հանգուցալուծման համար նախատեսված էր Երեւանում տրանսպորտային ճանապարհային քարտեզ ստորագրել, որը նախապես մշակվել եւ քննարկվել էր երկու երկրների կառավարությունների միջեւ: Սակայն, վերջին պահին, Ղազախստանի վարչապետը հրաժարվել է այն ստորագրել:

Այս ամենով հանդերձ, Ղրղըզստանում գոհ են ԵԱՏՄ-ի շրջանակներում իրենց երկրի զարգացման տեմպերից. ՀՆԱ-ն աճել է 8 տոկոսով: Թեեւ Ղազախստանի հետ փոխադրումների հետ կապված խնդիր ունեն: Կարծում են, որ Ղազախստանի հետ խնդիրը հարթ կկարգավորվի, ինչը դրական կազդի իրենց երկրի թե գործարար շրջանակների, թե ազգաբնակչության վրա:

Վյաչեսլավ Յարոշեվիչը դժգոհ է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքաշրջանառության, զարգացման տեմպերի մասին վիճակագրությունը միշտ եւ հեշտ հասանելի չէ հանրությանը, անգամ փորձագիտական շրջանակներին: Ասում է`առանց վիճակագրության, խնդիրները հնարավոր չէ տեսնել, առավել եւս`լուծումներ առաջարկել: Զարգացման առկա դրական ֆոնը լավ է համարում, բայց որոշ թվերի աճը, որը որոշ գործընկերների համար կարող է բարձր լինել`4 տոկոս Հայաստանում, 7 տոկոս՝ Ղրղըզստանում եւ այլն, կարծում է ոգեւորող չպետք է լինի: 2015-16 թվականները ինքը ԵԱՏՄ-ի համար համարում է տապալված, հիմա էլ մեկ-երկու-երեք տոկոս աճը բավարար չի դիտարկում. «Աճը պետք է նաեւ տեւական լինի»: Նկատում է`ԵԱՏՄ-ի համար ամենաբարեհաջող տարին 2012-ն էր`12, 7 տոկոս աճ, անցած տարին փակեցինք 12, 1 տոկոս աճով: Փոխադարձ ներդրումները դեռ բավական ցածր տոկոս են կազմում, ինչն իր համար մտահոգիչ է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031