«Համաձայնագիրը հաստատում է մեր ապագա համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ՝ թե տնտեսական, եւ թե քաղաքական ոլորտներում: Համաձայնագրում ՀՀ-ի համար որեւէ վտանգավոր կետեր չկան»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների ազատականացմանը, նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ քննարկումներ դեռեւս չկան. «Ամեն ինչ փուլերով պետք է լինի: Համբերատար սպասում ենք եւ այդ խնդիրն էլ ենք առաջ քաշելու»:
Հարցին՝ «մինչեւ համաձայնագիրը ՀՀԿ-ի համար դժվա՞ր էր կոռուպցիայի դեմ պայքարել», Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ունենք ձեռքբերումներ, բայց դա մեր համար գոհացնող չէ: ԵՄ-ի հետ գործակցությամբ կարող ենք ինտենսիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ