Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյանը համամիտ է Սերժ Սարգսյանի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 15:09

«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը համամիտ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում տեխնիկական արգելքների վերացման հարցը խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա:
Հիշեցնենք, երեկ Երեւանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին`մինչեւ 2025 թվականի միասնական էներգետիկ շուկա ձեւավորելու, տրանսպորտային փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային դարձնելու, միասնական ոսկերչական շուկա ձեւավորելու եւ այլնի մասին: Այսօր «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում տեսակամուրջ էր կազմակերպվել`ամփոփելու նիստի աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, Արամ Սաֆարյանը կարծում է, որ վարչապետներն արդյունավետ աշխատեցին: Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս միջոցառումն անցնում էր ԵԱՏՄ երկրների տնտեսական կայունացման ֆոնին: Ասում է`ՌԴ-ի տնտեսության կայունացումը եւ զարգացումը դրական է անդրադառնում փոքր երկրների տնտեսությունների վրա: Նկատում է`ՀՀ-ի տնտեսությունը բարձունքի վրա է, բացի երկու ճյուղից`շինարարություն եւ գյուղատնտեսություն: Բայց իրեն ուրախացնում է, որ մասնագետները, մինչեւ տարեվերջ, կանխատեսում են ՀՆԱ-ի 4 տոկոս աճ:

Մինչ վարչապետների նիստը, Երեւանում կլոր սեղան-քննարկում էր անցկացվել`փորձագիտական եւ կրթական հանրության դերը ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն թեմաներով: «Պայմանավորվեցինք, որ փորձագիտական հանրույթը նոր մակարդակի ենք բարձրացնում, միասնական տեղեկատվական դաշտ ենք ստեղծում, ինչը դրական կազդի ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը»,- ասաց Արամ Սաֆարյանը: Նա կարծում է, որ օբյեկտիվ հարցեր կլինեն, կարեւոր է համարում, որ դրանք լուծվեն փոխհամաձայնությունների, ոչ թե առճակատումների միջոցով:

2018-ին Երեւանում անցկացվելու է Եվրասիական շաբաթ: Նա ցանկանում է, որ այդտեղ փորձագիտական միտքը ավելի ակտիվ լինի եւ ԵԱՏՄ-ին զարգացման նոր տեմպ հաղորդող մտքեր գեներացնի:

Ղազախստանի ներկայացուցիչ Վլադիմիր Տելնովն էլ է դրական գնահատում երեւանյան համաժողովն ու ձեռք բերված համաձայնությունները: Իր երկրի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ շրջանակներում, այս տարի 28 տոկոս է կազմել: Ասում է`լավ է: Տեսնում է, որ ԵԱՏՄ-ն իսկապես դառնում է «ազգային տնտեսությունների շարժիչ ուժ»:

Վարչապետների պայմանավորվածությունը`թվայնացնել տրանսպորտային փաստաթղթավորումը, կարծում է մինչեւ 2025 թվականը կապահովի 11 տոկոսի աճ:

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը Հայաստանի համար շատ է կարեւորում տրանսպորտային ճանապարհային քաղաքականության մշակումը, մանավանդ, Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի: Նաեւ`Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտու համար է դա էական: Կարեւոր է համարում նաեւ էներգետիկ միասնական քաղաքականության մշակումը եւ կոորդինացիան: Ասում է`օրինակ, Հայաստանն ամեն տարի բախվում է մի խնդրի, որ «Գազպրոմ» ընկերությունը ամեն տարի կարող է հայտարարել գների բարձրացման մասին`վկայակոչելով միջազգային շուկայի վայրիվերումները: Հիշեցնում է`խորհրդային շրջանում Հայաստանը հինգ միլիարդ կուբամետր գազ էր օգտագործում, այժմ`մոտ երկու միլիարդ կուբամետր: Այս տարի տասը տոկոսով աճել է գազի օգտագործումը: Ինքը դա կապում է տնտեսության աշխուժացման հետ: Կարծում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա պայմանագրերի եւ համաձայնագրերի հստակ եւ հետեւողական կիրառումը արդեն դրական արդյունքների կբերի: Եթե անցնենք նաեւ էներգետիկ միասնական շուկայի, միասնական համաձայնեցված դրամավարկային քաղաքականության, արդյունքները էականորեն կտարբերվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031