Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք»

Հոկտեմբեր 26,2017 14:45

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 17 աշակերտ 6 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 452 ուսանող և աշակերտ:

Միջոցառման շրջանակներում Նախագահի նստավայրում հյուրընկալվել է նաև 10-18 տարեկան աղջիկների համար աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթում՝ «Թեքնովեյշն»-ում հաղթած Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, որը «Կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» բջջային հավելվածը: Հանրապետության Նախագահը նրանց ևս շնորհավորել և խրախուսել է նվերներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Սիրելի՛ ուսանողներ,աշակերտներ,

Շնորհավորում եմ ձեզ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն արդեն տարիներ շարունակ մեր ուշադրության կենտրոնում է և մեր առաջնահերթություններից է: Դրա դրսևորումներից մեկը երիտասարդության ուշադրությունն այս ուղղության վրա սևեռող այս լավ մրցանակն է:

Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափներ, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում:

Այս բնագավառում մենք առաջ ենք ընթանում արագանցիկ տեմպերով: Վստահ եմ, որ հենց այս ձևով կարող ենք ապահովել թռիչքային զարգացում և առաջընթաց արձանագրել Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներում:

Գաղտնիք չէ նաև, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: Այս փաստարկի իրավացիության մեջ համոզվելու համար բավական է տեսնել, թե ինչ թափով են այդ երկրներում ձեռքի հեռախոսների վրա ներբեռնում և օգտագործում հայ մասնագետների ստեղծած, օրինակ, «ՊիկսԱրտ» հավելվածը: Թող նրանց կառավարությունները որքան ուզում են շարունակեն իրենց հաշվարկած՝ իբր թե մեզ խեղդելու քաղաքականությունը: Նրանց պարտադրած կապանքները մենք կարող ենք հաղթահարել մեր երիտասարդների տաղանդի և մտքի ստեղծագործական թռիչքի միջոցով:

Սիրելի՛ երիտասարդներ,

Այս մրցանակը մեր հայրենիքի գիտական և տեխնոլոգիական զարգացման միակ գործիքը չէ: Անցած տարիների ընթացքում մենք հանդես ենք եկել նման բազմաթիվ նախաձեռնություններով: Նրանց անունները ձեզ քաջ հայտնի են՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և այլն: Դրանց լրացնելու է գալիս Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, որն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն «ՖԱՍՏ» հապավումով:Մենք նաև խրախուսում ենք նրանց միջև հորիզոնական կապերը և համագործակցությունը: Նույն «Լույս» հիմնադրամը դուրս եկավ իր ավանդական շրջանակներից և հանդես եկավ որպես «ՖԱՍՏ»-ի՝ զարգացման այդ նոր ծրագրի համահիմնադիր:

Այդ բոլոր գործիքները ստեղծվել են ձեզ համար, սիրելի՛ երիտասարդներ: Դուք պետք է օգտվեք դրանց ընձեռած բոլոր հնարավորություններից: Դուք պետք է լինեք համարձակ և երբեք չվախենաք հանդես գալ նոր գաղափարներով և նախաձեռնություններով:

Դուք պետք է անպայման փորձեք, եթե անգամ մի նախաձեռնությունում ձախողվեք՝ երբեք ու երբեք չհիասթափվեք: Կրկին փորձեք, կրկին ձախողվեք և ևս մեկ քայլով մոտեցեք ձեր հաջողությանը: Փորձեք սովորեք, կատարելագործվեք, և հաջողությունը չի ուշանա: Դա իմ պատգամն է ձեզ և ձեր բոլոր ընկերներին ու հասակակիցներին: Հիշեք՝ շատ եզակի են դեպքերը, երբ գիտության և տեխնոլոգիաներիբնագավառներում միանգամից մարդը հասնում է հաջողության: Այո՛, եզակի դեպքեր լինում են, բայց այդ հաջողություններին կարելի է հասնել միայն ու միայն տքնաջան աշխատանքով և բազմաթիվ փորձերից հետո:Մենք՝ Հայաստանի պետությունը և մեզ հետ միասին նաև մեր մասնավոր հատվածի ներկայացուցիչները, միշտ լինելու ենք ձեր կողքին, որպեսզի նպաստենք ձեր առաջընթացին և հաջողությանը:

Թող այս մրցանակները լինեն ձեր առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավ, պայծառ ապագա:

Շնորհակալ եմ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031