Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մտա այստեղ, ինձ թվաց՝ Նոյն իր տապանով երկրորդ անգամ է իջել Արարատի վրա, բայց այս անգամ արվեստագետների է բերել». փոխնախարար

Հոկտեմբեր 26,2017 14:28

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե: Նպատակը՝ արվեստագետներին նոր հարթությունում փորձելու հնարավորություն տալն է: Ի տարբերություն թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշ ստեղծելուն՝ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին և ժամանակատար գործընթաց է: Բացի այդ այն հնարավորություն է տալիս մեկ աշխատանքից ստեղծել միանգամից մի քանի օրինակով: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով բիենալեն լավ հնարավորություն է միջազգային հարթակում Հայաստանի անունը հայտնի դարձնելու համար: «Մինչ այս բիենալեն շատ արվեստագետներ պարզապես չգիտեին Հայաստանի գոյության մասին»,- նշում է ժյուրիի անդամը:

Հյուրերի թվում էին Հայաստանում Գերմանիայի, Լեհաստանի, Էստոնիայի դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև մշակույթի նախարարության փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

«Երբ մտա այստեղ, ինձ թվաց՝ Նոյն իր տապանով երկրորդ անգամ է իջել Արարատի վրա, բայց այս անգամ արվեստագետների է բերել»,-տպավորություններով կիսվեց փոխնախարարը: Ըստ նրա՝ Հայաստանը դատապարտված է միջազգային հարթակ դառնալու արվեստի համար, և ուրախ է որ հիմա ուշադրություն է դարձվում արվեստի այն ուղղությանը, որի մասին հասարակությունը ավելի քիչ պատկերացում ունի: «Սա մի ուղղություն է, որը մի կողմից արվեստագետներին ստիպում է ավելի շատ աշխատանք անել, մյուս կողմից այն կարող է ծառայել որպես միջավայր արդեն հայտնի արվեստագետների միջև նոր հաղորդակցության ցանց ստեղծելու համար» ,- ավարտեց իր խոսքը փոխնախարարը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ այս բիենալեի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ արվեստի մայրաքաղաք: «Պետք է ասեմ, որ չափազանց տպավորված եմ աշխատանքներով: Չեմ նախանձում ժյուրիի անդամներին, ովքեր պետք է որոշեն, թե ում են տալու մրցանակը: Ուրախ եմ, որ Գերմանիան կարողացել է իր փոքր լուման ներդնել այս նախագծում»:

Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում( ՆՓԱԿ) ներկայացված էր 227 արվեստագետների 447 աշխատանք՝ 50 երկրներից: Ժյուրիի կողմից սահմանվել է 4 մրցանակ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղեր և հատուկ մրցանակ: Հայաստանում առաջին միջազգային բիենալեի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին ՆՓԱԿ-ում:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031