Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգ. վարչապետ

Հոկտեմբեր 26,2017 13:39

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հայտնել է, որ մոտ օրերս այդ նպատակով կկազմակերպի խորհրդակցություն. «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»:

Առաջարկություններ կներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և կանխարգելման վերաբերյալ

 Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ էր: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:

Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին

 Սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունը կազմակերպելու նպատակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև  ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Նախատեսվում է նաև համակարգչային սարքավորումներ ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար:

Կկրճատվեն հայտերի դիտարկման ժամկետները

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվող փոփոխությունների նպատակն է կրճատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելու համար ներկայացված հայտերի դիտարկման ժամկետները, ինչը կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Գործող կարգով՝ հայտերի դիտարկման ժամկետի ընդհանուր տևողությունը կազմում է 35 աշխատանքային օր, որոշմամբ առաջարկվում է կրճատել հայտերի դիտարկման ժամկետները:

Արտաքին աղբյուրներից իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով վարկային, դրամաշնորհային և ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ՀՀ 2017թ. պետբյուջե նախատեսելու և համապատասխան վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել: Ըստ հիմնավորման, արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային ծրագրեր իրականացնող ԾԻԳ-երի կանխատեսվող կատարողականներից ելնելով առկա է վարկային, դրամաշնորհային և համաֆինանսավորման լրացուցիչ պահանջ և վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման և այլ ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվել են «Արմտեքս» ՍՊԸ-ի ստացած թույլտվությունների ժամկետները: Ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։

Հոգեբանական ծառայություններ կտրամադրվեն խոշտանգումից տուժած անձանց

Գործադիրը սահմանել է խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը: Համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունմամբ ՀՀ իրավական համակարգ է ներմուծվել խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցում (redress) ստանալու կառուցակարգը: Այն նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման իրավունքը բաղկացած է նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունքից: Ռեաբիլիտացիայի իրավունքն իր հերթին ներառում է բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այսպիսով, առաջարկվում է հոգեբանական ծառայություններ տրամադրել խոշտանգումից տուժած անձի ցանկությամբ՝ անվճար հիմունքներով:

Կառավարությունն ընդունել է «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգի սահմանման մասին» որոշումը: Արդյունքում համապատասխան լիազոր մարմիններին կտրամադրվի տեղեկատվություն վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցման և բնապահպանական վնասի չափի գնահատման և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցման վերաբերյալ:

Նախատեսվում է բարելավել դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը

 Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի նպատակն առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտի նորմերը ՀՀ սահմանադրության նորմերին համապատասխանեցնելն է, ինչպես նաև նախատեսել պատասխանատվություն` Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքներն ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման համար: Օրինագծերով նախատեսվել են ՀՀ սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, բարելավվել է հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը:

Օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի` կենսաբանական ծնողին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-ի թեստավորման գործընթացը, վերջինիս իրականացման ժամկետները, ԴՆԹ-ի թեստավորման եզրակացության տրամադրման ժամկետները սահմանելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից ծնված երեխայի ու կենսաբանական ծնողի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, բացառել փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը:

Կստեղծվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով

Կառավարությունը համաձայնություն է տվել  «Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը մշակվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կանոնակարգման նպատակով: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար հատվածի ակտիվությունը: Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել տնտեսական համագործակցության հարցերով հայ-խորվաթական միջկառավարական հանձնաժողով:

Այլ որոշումներ

ՀՀ Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ազատ գոտու կազմակերպման և զարգացման աշխատանքներն ապահովելու նպատակով հիմնադրվել է ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերությունը: Ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական վարչական, արտադրական և պահեստային տարածքները։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ծառայությանը հատկացնելով այլ տարածք:

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչության փորձագետներին փորձաքննություններ և հետազոտություններ կատարելու իրավունքի շնորհման համար վերապատրաստում անցնելու ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով:

Հավանության է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում: Կառավարությունը, կիսելով հեղինակների մտահոգությունը, առաջարկում է խմբագրել ներկայացված օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով մի շարք մոտեցումներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031