Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր». Վիգեն Սարգսյանը «Ելքի» պատգամավորներին մեկ առ մեկ դատափետեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 12:37

ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկ առ մեկ անդրադարձավ այս օրերին ԱԺ-ում հնչած բոլոր քննադատություններին, հատկապես «Ելքի» պատգամավորների որոշ դիտողություններին, թե բանակում չծառայածների այս իշխանությունը կոմֆո՞րտ է զգում այս նախագիծը ներկայացնելով:

Նախարարը նախ ասաց, որ 1997 թվականի նախագծի հետ զուգահեռներ անցկացվեցին, մինչդեռ իր առաջարկը լրիվ այլ բան է՝ 1997-ին առաջարկում էին բոլորին տանել բանակ, իսկ ինքը առաջարկում է, որ հարյուրավոր երիտասարդներ կարող են գնալ բանակ որպես սպա եւ ստանալ աշխատավարձ, ստանալ հնարավորություն աշխարհի առաջատար բուհերում շարունակելու կրթությունը:

Երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում պաշտպանության նախարարին հանդիմանել էր` ասելով. «Դուք ասում եք, որ դեմ եք, որ 27 տարեկանները գան ազատվեն, այնինչ այդ մարդիկ վճարումներ էին կատարում, այն մարդիկ, որ կարող էին փողը մուծել, հետ գալ, նրանց դուռն էլ եք փակում»: Պատասխանելով Մանե Թանդիլյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու տարբերակից միայն հարուստներըն են օգտվելու, կամ էլ մարդիկ վաճառելու էին իրենց տունը, որպեսզի երեխային թույլ չտան գնալ բանակ: «Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք եւ ոչ մեծամասնություն այս խորհրդարանում»,- եզրահանգեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը զարմանում է՝ մի կողմից պաշտոնյաների եւ օլիգարխների ոսկի զավակների՝ բանակում չծառայելուց են խոսում խորհրդարանում, մյուս կողմից նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչու է ՊՆ նախարարը դեմ բանակում չծառայելը օրենքով լեգիտիմացնելուն:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ 11 հազարից ավելի երիտասարդներ բանակից խուսափելու համար հետախուզման մեջ են գտնվում՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Հետախուզման մեջ գտնվողների զգալի մասը սպասում են, 27 տարեկանը լրանա եւ ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենց պարտքը կատարել են: Ընկել եք հոգեւոր ճեմարաների 18 սաների հետեւից, կարծես այս երկրում առաքելական եկեղեցուց եւ նրա սպասավորներից ավելի առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման եւ մեր սահմանների անձեռնմխելիության պաշտպանման համար»:

Վիգեն Սարգսյանն ասաց՝ եթե տարկետումը վերանա՝ հոգեւոր ճեմարանի համար թող բացառություն չլինի, բայց ո՞նց կարելի է մինչեւ անգամ Ֆիզկուլտինստիտուտում տարկետում կա, իսկ հոգեւոր ճեմարանում 18 հոգու համար չտան. «Ի՞նչ համեմատություններ են, ինչի՞ համար»:

Երեկ երեսով էին տալիս, որ Վիգեն Սարգսյանը կարիերա է արել, բանակ չի գնացել ու այդ հնարավորությունը չի տալիս այսօրվա երիտասարդներին: Վիգեն Սարգսյանն էլ պատասխանեց, որ եթե կգա մի երիտասարդ, որ ինչպես ինքը 3 բուհ ավարտած կլինի, ինքը պատրաստ է ծառայություն առաջարկել գլխավոր շտաբում:

Խոսելով Էդմոն Մարուքյանի քննադատությունից, Վիգեն Սարգսյանն ասաց. «Անընդհատ իմ կոմֆորտից էր հարցնում, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում, թե արդյոք կոմֆո՞րտ ենք մեզ զգում այս ամբիոնի մոտ, իրեն էլ ես կուզեի հարցնեի մի երկու բան: Կուզեի հարցնել՝ իր ֆրակցիայի գործընկերներին հարցրե՞լ է՝ իրենք կոմֆո՞րտ են այս քննարկումների մեջ, երբ որ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից, ոչ միայն չեն ծառայել բանակում…Հասկանում եմ, պարոն Միրզոյան, դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի եւ բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, որ ինքը ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել: Եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարողացել է դա անի, իսկ այսօրվա սովորող ուսանողը չի կարող դա անել, վերին արտի ցորե՞ն է»:

Ելույթի վերջում Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը կոռեկտ է, բայց դա չպետք է շփոթել միամտության հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031