Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը մտմտում է՝ ինչպես անի, որ պետական պարտքի շեմը գերազանցի առանց օրենքը խախտելու

Հոկտեմբեր 26,2017 15:30

Հայաստանի կառավարությունը մտածում, պրպտում է, թե ինչ մեխանիզմներ գտնի, որպեսզի պետական պարտքի օրենքով սահմանված պարտք-ՀՆԱ 60% շեմը չգերազանցի, այսինքն՝ օրենքը չխախտի, բայց նաեւ հնարավորություն ունենա նոր պարտք ներգրավելու՝ 60%-ը գերազանցելով: Այս շեմը գերազանցելու համար կառավարությունը պետք է Ազգային ժողովի թույլտվությունը ստանա, կառավարությունը պետք է պատգամավորներին համոզի, որ Հայաստանում իրավիճակն իսկապես չափազանց ծանր վիճակում է, այն կփրկվի միայն արտաքին աղբյուրներից նոր պարտք վերցնելով, բայց, պարոնայք, այդ պարտքը եթե վերցնենք, 60%-ի շեմն անցնելու ենք:

Օրերս լրագրողների համար կազմակերպած դասընթացի ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պարտքի շեմը գերազանցելու մասին ասաց, որ դա հնարավոր կլինի որոշ ցնցումների առկայության պարագայում: Եվ նման դեպքերում կառավարությունը կարող է դիմել Ազգային ժողովին եւ հիմնավորել՝ տնտեսությունը շատ վատ վիճակում է, ելքը նոր պարտք ներգրավելն է:

«Մենք պետք է հիմնավորենք, որ տնտեսական ճնշումը, ցնցումն այնքան մեծ է, որ պետք է գնանք օրենսդրական փոփոխությունների եւ գերազանցենք պետական պարտքի առավելագույն շեմը: Դրա հետ մեկտեղ ներկայացնելու ենք նաեւ այն մեխանիզմները, թե ինչպես ենք հետ գալու նախատեսված շեմին: Եթե մենք չկարողանանք դա անել, ապա մեր դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ` ընդհուպ մինչեւ կառավարության հրաժարականը»,- ասաց Ջանջուղազյանը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք հստակեցվե՞լ է, թե այդ ցնցումները որոնք են, որպեսզի ցնցում ասելով որոշակի «խաղերի» տեղիք չլինի, եւ ցանկացած անգամ թեթեւ խնդիրները ցնցում չհամարվեն, ու նորից հասարակության ուսերին նոր պարտքի բեռ չծանրանա: Մեր այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ մասնագիտական քննարկումների ժամանակ էլ «ցնցումների» հստակեցման շուրջ տարաձայնություններ են լինում: Թե տնտեսական ո՞ր ցնցումները կարող են հիմք լինել պարտքի սահմանված շեմի գերազանցման համար, Ջանջուղազյանն ասաց՝ դա օրենքով հնարավոր չէ կարգավորել. «Մենք չունենք այնքան ճկունություն, որ օրենքով կարողանանք սահմանել այդ ցնցումների տեսակները»:

Ապա փոխնախարարը վստահեցրեց, թե մտածում են` ինչպիսի կանոններ մշակեն, որպեսզի սահմանափակեն ֆինանսների նախարարության՝ պետական պարտք վերցնելու «ախորժակը», շատ պարտք չվերցնեն, ծախսերն էլ նվազեցնեն: Հիմա միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես միջին եկամուտ ունեցող երկիր, եւ ինչպես փոխնախարարն ասաց՝ մեր երկրին տրվող վարկերի մեջ արտոնյալ հատվածը փոքրանում է:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ ասենք՝ պատերազմը, ճգնաժամը կարող են հենց այն հիմքը լինել, որը կհամարվի ցնցումային իրավիճակ ու հնարավորություն կտա պարտքի շեմը գերազանցել:

«Առավոտի» հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանեց՝ մինչ պատերազմական դրությանը հասնելն էլ այլ տեսակի ցնցումներ էլ կարող են լինել: Նախարարն էլ վստահեցրեց՝ հիմա փորձում են «ցնցում» կոչվածին որոշակի ձեւակերպումներ տալ. «Օրինակ՝ այնպես չլինի, որ ծրագրավորել ենք 4% տնտեսական աճ, վաղը լինի՝ 3.8%, մենք ասենք՝ վերջ, սա ցնցում է: Մենք շահագրգռվածություն ունենք, որ մեզ չքննադատեն, եւ վաղը մեր տեղը մեկ ուրիշը չգա ու ասի՝ գիտեք, սա էլ է ցնցում, եկեք պարտք-ՀՆԱ ցուցանիշը 70% դարձնենք: Մենք աշխատում ենք, թե ինչպես պետք է գնահատվի այդ ցնցումը»: Ապա Արամյանն անցավ սպորտային մեկնաբանության. «Եթե դու կարողանում ես ամեն անգամ 100 կիլոգրամ ծանրաձող բարձրացնել, կարող է մի անգամ՝ 98 կգ, մի անգամ 102 կգ բարձրացնես, բայց եթե մի անգամ դու չկարողացար 80 կգ բարձրացնել, դա նշանակում է խնդիր ունես, դու հիվանդ ես: Այդ ծանրաձողը տնտեսական աճն է: Տնտեսական լեզվով դա կոչվում է միջինից ստանդարտ շեղում»:

Կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամին էլ է դիմել, որպեսզի միջազգային փորձի հիման վրա հստակեցվի՝ քանի տոկոսային կետն է, որ կարող է ցնցում դիտարկվել: «Ասենք՝ եթե դու ծրագրել ես 3% տնտեսական աճ, եղավ 0%, սա կարո՞ղ է ցնցում դիտարկվել: Սա կարող է կախված լինել երկրների տնտեսական կառուցվածքից: Մենք կարծես թե 2% դեպի ներքեւ շեղման վրա ենք դուրս գալիս: Այսինքն՝ եթե 4% տնտեսական աճ ենք կանխատեսել, բայց ինչ-որ պահից այն ընդամենը 2% է, ուրեմն պարզ է, որ բացասական զարգացումներ կան, եւ մյուս տարի կարող է 0% լինել»,- պարզաբանեց Արամյանը:

Նախարարը նաեւ վստահեցրեց՝ նման դեպքերում ցնցումները հստակեցնելու կամ սահմանելու համար շատ գործիքներ դնելը սխալ է, որովհետեւ հնարավոր է 10 հատ «ինդիկատոր» դնես, բայց 10-ից 7-ը լինեն, 2-ը՝ չլինեն, ասեն՝ ցնցում չէ. «Պետք է նայենք, թե այդ ցնցում ասածն ինչի է հանգեցնում, ինչ հետեւանք է ունենում: Պետք է 1 կամ 2 ցուցանիշ դնենք: Կարեւորը՝ կանխատեսվում է, որ 2%-ից ցածր է, ուրեմն քեզ մոտ ցնցումներ կան»:

Մեր երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ՝ առաջիկայում կրկին պարտք ենք վերցնելու, տարեվերջին այն կհասնի 6.8 միլիարդ դոլարի, իսկ 2018 թվականի վերջին՝ 7.2 միլիարդ դոլարի։ Կառավարության պարտքը տարեվերջին կկազմի նախորդ տարվա ՀՆԱ-ի 58,7%-ը:

Անցյալ տարի այս ցուցանիշը 2015 թվականի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 52.2 %, աճը՝ 6,5%: Պարտքի այսպիսի բարձր աճը, ինչպես Արամյանն ասաց, պայմանավորված է եղել նախորդ տարվա ՀՆԱ-ի 0,2% աճով. «Իսկ քանի որ մենք այս տարի սպասում ենք ՀՆԱ-ի ավելի մեծ աճ, ուստի, մեր կանխատեսումներով, հաջորդ տարի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի՝ կազմելով 58,2 տոկոս»:

Պետական պարտքը, Արամյանի վստահեցմամբ, 2018 թվականին ավելի դանդաղ կաճի, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կարող է նվազել 0,5-1 տոկոսային կետով. «ՀՆԱ-ում շուրջ 1 տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեցին, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե 7, այլ 3-4 տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին, ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաեւ փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, 1 տոկոսային կետով պարտք-ՀՆԱ ցուցանիշը կնվազի»:

Նախարարի ներկայացմամբ՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը տարեցտարի նվազեցնելը կարող է իրականություն դառնալ տնտեսական կայուն եւ բարձր աճի պարագայում:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031