Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանցի մանկաբույժը դասավանդել է, սակայն համատեղ աշխատանքը հաշվի չէին առել

Հոկտեմբեր 26,2017 15:00

«Հիմնական աշխատանք» եւ «համատեղությամբ աշխատանք» հասկացությունները պետք է մեկնաբանել ոչ թե կամայական մոտեցումների, այլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածների լույսի ներքո, քանի որ այն, ըստ էության, Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություն է:

Նելլի Գրիգորյանը դիմել էր դատարան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի դեմ, պահանջելով պարտավորեցնել պատասխանողին նշանակել իրեն մասնակի կենսաթոշակ:
Կապանի նստավայրում հօգուտ Ն.Գրիգորյանի ավարտվել է դատական գործընթացը:

Դատարանի որոշմամբ որպես երրորդ անձ ներգրավվել էր նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 2015թ. դեկտեմբերի 23-ի կարգադրությամբ մերժվել է մասնակի կենսաթոշակ նշանակելու Ն.Գրիգորյանի պահանջը։

Այդ կարգադրության դեմ հայցվորը մինչ դատարան դիմելը վարչական բողոք էր ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին։

Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ա. Գալստյանի կողմից մերժվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կարգադրությունը վերացնելու եւ մասնակի կենսաթոշակ նշանակելու հայցվորի պահանջը, ինչը ստացվել էր 2016թ. մարտի 23-ին:

1960թ. ծնված հայցվորն աշխատանքի էր անցել Ղափանի բժշկական ուսումնարանում (ներկայումս՝ Կապանի բժշկական քոլեջ) 15.08.1986թ.-ին՝ որպես հիմնական դասատու: Աշխատել է մինչեւ 2007թ. օգոստոսի 1-ը: «Իմ աշխատանքը ներառված է ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 665-Ն որոշմամբ սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների ցանկում եւ մինչեւ 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածը լրացել է պահանջվող մասնագիտական ստաժս։ Լրացել է 25 եւ ավելի օրացուցային տարվա աշխատանքային ստաժս։

Վերոնշյալ տարիներին ես Ղափանի բժշկական ուսումնարանում դասավանդել եմ «Մանկական հիվանդություններ» առարկան` որպես հիմնական դասատու` 689 ժամով։ 15.08.1986թ.-ից մինչեւ 01.08.2007թ. իմ աշխատանքային գրքույկում լրացվել է միայն հիմնական աշխատավայրի` Ղափանի բժշկական ուսումնարանում դասատուի աշխատանքը, ինչը եւս վկայում է, որ այդ աշխատանքն է եղել իմ հիմնական աշխատանքը։ Լրացել է իմ 55 տարին, ունեմ առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առավել քան 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է՝ մինչեւ 01.08.2003 թվականն ընկած ժամանակահատվածում, որպիսի պայմաններում իրավաչափ չէ ինչպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կարգադրությունը, այնպես էլ դրա բողոքարկման արդյունքում կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ա. Գալստյանի կողմից տրված գրավոր մերժումը»,-ասել է հայցվորը: Ըստ հայցվորի, «Հիմնական աշխատանք» եւ «համատեղությամբ աշխատանք» հասկացությունները պետք է մեկնաբանել ոչ թե կամայական մոտեցումների, այլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածների լույսի ներքո, քանի որ այն, ըստ էության, Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություն է»։

Հայցվորը դատարան էր ներկայացրել գրություն, որոնցով հիմնավորվում է նրա 12 տարվա մասնագիտական ստաժը:

Պատասխանող նախարարությունը հայցադիմումին պատասխանել էր գրությամբ:
Ըստ երկրորդ կողմի. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ հայցվորը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին դիմել է ծառայության աշխատակազմի Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար։

Հայցվորն աշխատել է Կապանի բժշկական ուսումնարանում 15.08.1986թ. մինչեւ 01.08.2007թ.՝ որպես բժիշկ-դասատու (ինչը հիմնավորվել է նաեւ ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված ստուգման արդյունքներով) եւ որը նախատեսված է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման Ա 6 հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետով։

08.09.1986թ. մինչեւ 01.08.2007թ. հայցվորը համատեղությամբ աշխատել է նաեւ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկական կոնսուլտացիայում, որպես տեղամասային մանկաբույժ: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում»։

Նախարարությունն առարկել էր մանկաբույժ-դասատուի պահանջին, ասելով, թե՝ օրենսդրությամբ պահանջվող 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու պատճառով հայցվորին մասնակի կենսաթոշակի իրավունք չունենալու պատճառաբանությամբ մերժվել է:

«Ն. Գրիգորյանի 12 օրացուցային տարի մասնագիտական ստաժը բավարար չլինելն առաջացել է, քանի որ 08.09.1986 թվականից մինչեւ 01.08.2003 թվականը համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը Ն.Գրիգորյանի մասնագիտական ստաժում չի հաշվարկվել»,-առարկել էր նախարարությունը, սակայն թե ում մեղքով չի հաշվարկվել, պատասխանողի առարկություններում այն չկար:

Պարզվել էր. «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկի «Մասնագիտության, պաշտոնի անվանումը» բաժնի «Տեխնիկում, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջ, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոց եւ ուսումնարան» ենթաբաժնում (5-րդ կետ) «բժիշկ-դասատու» մասնագիտությունը նշված չէ, հետեւաբար այդ պաշտոնում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չէր կարող»։

Դատարան ուղարկած գրության համաձայն, սոցապի տարածքային բաժնի պետի հրամանով ստուգում է անցկացվել երկու ընկերություններում աշխատանքային ստաժների, մասնագիտությունների, դրանց հիմքերի հավաստիությունը պարզելու նպատակով։ Ստուգվել են «Կապանի բժշկական քոլեջի» 1986-2007թթ. հրամանագրքերը եւ կազմվել է թիվ 867 ակտը։ Ստուգմամբ արձանագրվել է, որ «համաձայն ՀՍՍՀ առողջապահության մինիստրության թիվ 272 վկայականի՝ Ղափանի բժշկական ուսումնարանում «Մանկական հիվանդություններ» առարկայի հիմնական դասատու է ընդունվել Նելլի Գրիգորյանը։ Նա 1990-2007թթ. ուսումնական տարին աշխատել է որպես «Մանկական հիվանդություններ եւ «Քույրական գործ» առարկաների դասատու, որը նախատեսված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման 6-րդ հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետով»։

Ստուգվել էր նաեւ «Կապանի բժշկական կենտրոնում» հայցվորի համատեղությամբ աշխատած ժամանակահատվածի հիմքերը։ Դարձյալ կազմվել էր ստուգման ակտ։ Հաստատվել էր, որ բժշկուհին աշխատել է Կապանի շրջանային հիվանդանոցի մանկական կոնսուլտացիայում՝ որպես տեղամասային մանկաբույժ, ապա տեղափոխվել «Արծվանիկի ԱԱՊԿ»-ի տրամադրության տակ, որպես ընտանեկան բժիշկ։

Երրորդ անձ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունը գրավոր առարկել էր կապանցի բժշկին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում, հայցվորին չի նշանակվել մասնակի կենսաթոշակ»:

ՀՀ վարչական դատարանը հայցը հիմնավոր էր համարել, նշելով. «Իրավական նորմերի համալիր վերլուծությունից երեւում է, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության բնագավառի այն աշխատողներին, որոնց պաշտոնը նշված է ցանկում, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է։ Ընդ որում, մասնագիտական աշխատանքային ստաժի հաշվարկման առաջին փաստաթուղթ է համարվում աշխատանքային գրքույկը, իսկ 1992թ.-ից նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Միաժամանակ, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները»։

Դատարանի գնահատմամբ. «Այդ տարիների աշխատանքը հայցվորի համար հանդիսացել է որպես հիմնական աշխատանք: Այդ տարիների համար Ն.Գրիգորյանի աշխատանքային ստաժը որպես հիմնական լինելուն չի առարկել նաեւ պատասխանողը, որի մասին նա նշել է ինչպես իր կողմից կազմված ստուգման ակտում, այնպես էլ այդ մասին արտահայտվել է իր գրավոր եւ դատական նիստերում ներկայացուցչի արտահայտած դիրքորոշմամբ:
Ընդհանուր 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու հանգամանքը եւս չի առարկվել պատասխանողի կողմից եւ այն չունենալու փաստ չի դրվել մերժման կարգադրության հիմքում»:

Վարչական դատարանի դատավոր Հ.Հովհաննիսյանը հայցը բավարարել է:
Դատարանն անվավեր է ճանաչել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կարգադրությունը՝ Նելլի Գրիգորյանին մասնակի կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին եւ Կապանի տարածքային բաժնին պարտավորեցրել է բժշկին նշանակել մասնակի կենսաթոշակ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031