Սկիզբը՝ այստեղ
Մնում է ՀՀ իշխանություններն այս դրական մթնոլորտից կարողանան օգտվել՝ ի շահ Հայաստանի զարգացման, տարածաշրջանային կայունության հաստատման
Որո՞նք են մեր մտահոգություններն անվտանգության խնդիրների մասով
Անցյալ շաբաթ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու առաջին երեւանյան այցի ուղերձներն առավել քան ուշագրավ էին: Նա շեշտեց, որ Հայաստանում է ոչ միայն որպես Լեհաստանի ԱԳ նախարար, այլեւ որպես ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ։ «Այժմ ՆԱՏՕ-ն աշխատում է՝ հիմք ընդունելով 360 աստիճանի մոտեցումը, այլ կերպ ասած՝ դիտարկում է սպառնալիքները եւ մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես այստեղ եմ նաեւ այն բանի համար, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների տեսակետները Կովկասում անվտանգության իրավիճակի վերաբերյալ»,- Երեւանում նշեց Լեհաստանի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Վաշչիկովսկին Երեւանում ասաց. «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում ԵՄ անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»:
Լեհաստանի ԱԳ նախարարն, այսպիսով, Երեւանում հասկացնել տվեց, որ ՆԱՏՕ-ն դիտարկում է բոլոր մարտահրավերները տարբեր ուղղություններով, եւ նա ցանկանում է լսել հայկական կողմից մտահոգությունները՝ նաեւ անվտանգության խնդիրների մասով: Իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմայի շրջանակներում՝ նա հանկարծ բարձրացրեց «ԵՄ անդամակցության իրական հեռանկարների» հարցը: Իր հերթին Հայաստանի նախագահը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծեց, որ Լեհաստանը կարեւոր դեր ունի Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ հարաբերության ամրապնդման գործում:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ընդհանուր մթնոլորտը հայկական կողմի օգտին է: Լեհաստանի ԱԳ նախարարի այցի նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակեց համաձայնագրի տեքստը, ապա տեղեկություն տարածեց, որ ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի տեքստի թարգմանական խնդիրներ չկան, որոնց պատճառով համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել: Սա տեղի ունեցավ մի քանի օր անց, երբ տեղեկություններ ի հայտ եկան այն մասին, որ ԵՄ անդամ որոշ երկրներ դեռեւս չեն թարգմանել համաձայնագրի տեքստը: Այժմ ԵՄ-ն կարծես համաձայնագրի ստորագրման հետաձգման պատասխանատվությունը ցրեց կառույցի վրայից, ինչը դրական փաստ է:
Ինչ վերաբերում է Վիտոլդ Վաշչիկովսկու հայտարարությանը, թե Երեւանում է, որպեսզի լսի հայ քաղաքական գործիչների տեսակետները Կովկասում անվտանգության խնդիրների վերաբերյալ, Ժնեւում՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման, ինչպես նաեւ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության խնդիրների համատեքստում, խիստ ուշագրավ ուղերձ է: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՆԱՏՕ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամակցությանը եւ շարունակում է Հայաստանի համագործակցության խորացումն այնքան, որքան պատկերացնում ու ձգտում է Հայաստանը:
Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը՝ նույնիսկ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում, էապես մեծացել է, թե՛ արեւմտյան գործիչները, թե՛ Հայաստանի հարեւան երկրների իշխանությունները տարբեր առիթներով այդ մասին հստակ ուղերձներ են հղում: Մնում է Հայաստանի իշխանություններն այս դրական մթնոլորտից կարողանան օգտվել՝ ի շահ Հայաստանի զարգացման, տարածաշրջանային կայունության հաստատման ու ամրապնդման:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար գնդակը ԵՄ դաշտում է»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում օրերս արձանագրել է, որ Հայաստանն իր կողմից ամեն բան արել է նոյեմբերին Բրյուսելում Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար, եւ այժմ գնդակը ԵՄ դաշտում է։ Նա վստահեցրել է, որ Եվրամիության ղեկավարությունը լավագույնս իր աջակցությունը կբերի, որպեսզի առկա տեխնիկական խնդիրներն ազգային մակարդակներում՝ անդամ պետություններում լուծվեն ժամանակին:
«Մեր ցանկությունը՝ ստորագրելու այդ համաձայնագիրը, առավել քան ցայտուն է երեւում. Հայաստանն ավարտել է համաձայնագրի ստորագրման հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքները: Հայկական կողմից համաձայնագրի ստորագրման հետ կապված որեւէ խնդիր՝ ժամկետային առումով, չկա: Հիշեցնեմ, որ համաձայնագրի ստորագրումը եղել է նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ժամանակ, ինչից հետո տարբեր հարթակներից բարձրաձայնվել է մեր հավատարմությունը դրանից բխող դիվանագիտական ընթացակարգերին, նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ելույթում հստակ շեշտեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ նաեւ համապատասխան օրակարգով պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ստորագրելով համապարփակ համագործակցության նոր համաձայնագիր: Այնպես որ, կրկնում եմ՝ հայկական կողմը կատարել է բոլոր տեխնիկական եւ քաղաքական որոշումներն ու ընթացակարգերը, այսինքն՝ հայկական կողմն արել է ամեն ինչ, որպեսզի այն ստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին»:
Հարցին՝ հետեւաբար հիմա ո՞ւմ դաշտում է գնդակը, Աշոտյանը պատասխանել է. «Գնդակն ակնհայտորեն Եվրամիության դաշտում է: Եվ այստեղ եկեք տարբերակենք խնդրի երկու հարթություն: Հարթություն առաջին. տեխնիկական խնդիրներ, որոնք կապված են ԵՄ-ի՝ որպես վերազգային ինստիտուտի գործունեության առանձնահատկությունների հետ. ԵՄ-ն ունի բավականին հստակ ընթացակարգեր, այսպես կոչված՝ բրյուսելյան բյուրոկրատիա, որը ժամանակատար է իր գործառույթներում: Օրինակ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ 28 երկրներից պետք է ստանա համաձայնություն, որպեսզի ստորագրի փաստաթուղթը: Որքանով ես եմ տեղյակ՝ գործընթացն այս պահի դրությամբ դեռ շարունակվում է. ԵՄ որոշ երկրներ արդեն տվել են համաձայնությունը, որոշները դեռ չեն տվել: Համաձայնություն չտված երկրների ցանկն այս պահի դրությամբ չեմ ցանկանում բացահայտել, քանի որ, ըստ իս, խնդիրները ժամկետների առումով են եւ կապված են տվյալ երկրի ինստիտուտների գործունեության ժամանակացույցի հետ։ Օրինակ՝ Գերմանիայում նոր կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտի նիստ դեռեւս չի հրավիրվել, նոր կառավարություն դեռեւս չկա, գործում է հին կառավարությունը: Ավստրիայում նույնպես ձեւավորվել է նոր խորհրդարան, այսինքն՝ կան երկրներ, որոնց ինստիտուտների ձեւավորման առումով ներքաղաքական ցիկլերը դեռ ընթացքի մեջ են եւ համաձայնություն տալու ներպետական ընթացակարգերին այս պահին խոչընդոտում են»:
Սվիտալսկին հավատում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ժամանակին կստորագրվի
«Ես հավատում եմ, որ ժամանակին կստորագրվի Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, ես լավատես եմ»,- հոկտեմբերի 24-ին «Ազատության» հարցին ի պատասխան՝ նշել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, եւ շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին եւ անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը եւ ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ»։
Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ ներքին ընթացակարգերի, օրինակ՝ թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է նոյեմբերին չստորագրվի, Սվիտալսկին արձագանքել է. «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը եւ միջոցները ձեռնարկվում են Եվրամիության կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրամիության կազմի կողմից ներդրվում են շատ նպատակասլաց ջանքեր, ինչպես նաեւ անդամ երկրների կողմից, որպեսզի դա կյանքի կոչվի եւ իրականացվի։ Մենք վճռական ենք այդ հնարավորությունը ընձեռելու եւ գործի դնելու բոլոր ջանքերը, որպեսզի պայմանագիրը ժամանակին ստորագրվի»։
Պաշտոնական Երեւանը, հուսանք, իր հերթին երկկողմ հարաբերություններով, դիվանագիտական, քաղաքական խողովակներով գործընթացն առաջ մղելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովն արդեն իսկ տվել է համապատասխան գրություն Եվրոպական խորհրդին՝ համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու վերաբերյալ, եւ այժմ Եվրոպական խորհուրդը պետք է ստանա ազգային պետությունների համաձայնությունները:
Սկիզբը՝ այստեղ
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 25.10.2017