Այնպես է ստացվել մեզանում, որ աղմկահարույց յուրաքանչյուր սպանությունից հետո ինքնըստինքյան ծավալվող աղմուկը միատեսակ մի տրամաբանությամբ եւ կարծես որոշակի մի ընթացքով բարձրանում-ծավալվում է, մեկ-երկու այլ իրադարձությունից հետո իջնում-մարում եւ ժամանակի հետ, եթե կարելի է այսպես ասել, պահածոյացվում չլռող խոսակցության տեսքով։
Նախ՝ տարբեր մակարդակներով այդ ծանրագույն հանցագործությունների շուտափույթ բացահայտման ամենավճռական խոստումներ են հնչում։ Հետո ամենատարբեր մակարդակներով հանցագործության պատճառների ու նախահիմքերի մասին ակնարկներ ու ենթադրություններ արվում։
Մամուլը հերթական սպանությունը համադրում եւ տարբեր կցակապերով փորձում է համակցել նախորդ սպանությունների հետ՝ մռայլ այս շարքի վերջում տեսանելի բազմակետի տագնապով, եւ միառժամանակ անց կատարված ոճրի քրեական շեշտադրությունը ավելի շատ հասարակականի է փոխվում։
Իսկ հասարակության մեջ, այնուհանդերձ, դեռեւս կա սպասում, թե այդ «պահածոներն» իրականում դանդաղ գործողության ականներ են, որ պայթելով՝ շատ մթին ծակուծուկեր են լուսավորելու։
Ամեն մի սպանությունից հետո հերթապահ հարց է տրվում դրա քաղաքական շարժառիթների մասին։ Անիմաստ հարց, որը նույնիմաստ հերթապահ ու խուսափուկ պատասխանների է արժանանում։ Անիմաստ, որովհետեւ Հայաստանում նույնիսկ գրպանահատությունը սոցիալական ու քաղաքական աստառներ ունի, ուր մնաց՝ սպանությունը։
Բայց գրպանահատներին, այնուամենայնիվ, երբեմն բռնում են ու բանտ նստեցնում, իսկ սպանությունների հեղինակներն ու իրագործողները հաճախ մնում են անհայտ։ Ինչպե՞ս։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է լինում եւ ինչո՞ւ է այդպես լինում, որ հատկապես նման հանցագործություններն են մնում չբացահայտված։
Բանիմաց մարդկանց որոշ հայտարարարություններ ու ակնարկներ ոչ թե տպավորություն, այլ անգամ համոզվածություն են ստեղծում, թե չբացահայտված այս ոճիրների մասին շատերին շատ բան է հայտնի, բայց այնքան ու այնպես, որն անբավարար կամ անժամանակ է համարվում հայտնության տեսքով ի հայտ գալու համար։
Արտակ Դարբինյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում