Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ոչնչացրել է մի խումբ անձանց, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պետանվտանգության ծառայության հասարակության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը:
«Ադրբեջանի պետանվտանգության ծառայության անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել են մի խումբ անձինք, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Բաքվի ցույցի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պետանվտանգության ծառայությունը պարզել է, որ խմբավորումը ենթարկվում էր արտասահմանյան ծայրահեղական կրոնական ահաբեկչական կազմակերպության, այն գլխավորում էր Ադրբեջանի քաղաքացի Ալեքբերով Բախթիյար Մամեդսադիգ օղլուն, որն ապրում էր Բաքվում:
Նշվում է, որ այդ խմբավորումը մի քանի պայթուցիկ սարքեր էր պատրաստել և դրանք փորձարկել հոկտեմբերի 22-ին Բաքվում:
«Նաև պարզվել է, որ խմբավորումը համաձայնության էր եկել ահաբեկչություններ իրականացնել ընդդիմության ցույցի ժամանակ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 28-ին Բաքվում: Հոկտեմբերի 25-ին Պետական անվտանգության ծառայության իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում հանցավոր խմբավորման անդամները՝ Ալեքբերով Բախթիյար Մամեդսադիգ օղլուն, Մասիմլի Անար Մեհման օղլուն, Հուսեյնլի Ջավիդ Հուսեյն օղլուն դիմադրություն են ցույց տվել՝ հրազենի կիրառմամբ, արդյունքում ոչնչացվել են Պետանվտանգության ծառայության հատուկ խմբի պատասխան միջոցառումների արդյունքում՝ համաձայն օրենսդրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին իրականացվում են քննչական միջոցառումներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ