«Հայաստանը համեմատում են Իսրայելի հետ: Ասում են՝ Իսրայելում չկա տարկետում եւ ամենաշատ մարդու շնչի հաշվով Նոբելյան մրցանակներ շահում են իրենք: Եթե այդ սկզբունքով լիներ, ապա նույնքան շատ մրցանակներ պետք է ստացած լինեին Հյուսիսային Կորեայի քաղաքացիները»,- այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա, այստեղ խնդիրը տարկետման համակարգի մեջ չէ, այլ լավ կրթական համակարգ ունենալու եւ գիտությունը ֆինանսավորելու մեջ է, ինչը տվյալ դեպքում ՀՀ-ում ցածր մակարդակի վրա է:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տարիների ընթացքում մարդիկ ազատվել են բանակից այնպիսի հիվանդություններով, որոնցով մի քանի տարուց ավելի չեն ապրում. «Չկա հետազոտություն, թե ինչ է տեղի ունեցել այստեղ, ինչու է այդքան տարբերվում վիճակագրությունը աշխարհում միջին թվաբանականի համեմատ: Ինչու են մեր զորակոչիկները այդքան ցածրահասակ եւ թերքաշ: Ինչու հետազոտություն չի անցկացվում եւ համակարգային լուծում տրվում նրան, որ մեր երեխաների մեջ շատ մեջ թիվ է կազմում երկաթ դեֆիցիտային անեմիա: Երիտասարդները չեն հավաքում բավարար քաշ, չունեն բավարար հասակ: Այս երիտասարդները նաեւ ցածր արտադրողականություն ունեն: Սա նաեւ աղջիկների շրջանում է տարածված, միայն սահմանը պահելու հարց չի Առողջապահական համակարգի, կրթական համակարգի լրջագույն խնդիրներ կան եւ այս օրենքի նախագիծը խնդիրը չի լուծում»:
11 հազարից ավելի մարդիկ բանակից խուսափելու համար հետախուզման մեջ են: Զեյնալյանն ասաց, որ հանրությունը այս մարդկանց չի ընկալում որպես հանցագործներ, որովհետեւ մտածում է, որ այս հանցագործությունն ուղղված է իշխանության դեմ: Նրանք թաքնվում են իշխանավորներից, ոչ թե հանրությունից: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ պատիժը արժեզրկված է Հայաստանում. «Կան արտոնյալներ, դատարանի նկուղում 15 ոստիկանով մարդուն ծեծելու հայտարարության կապակցությամբ որեւէ արդյունավետ գործողություն չի կատարվում: Այս 11 հազար հետախուզվողներից մի զգալի մասը ցանկություն ունի վերադառնալ ՀՀ, ապրել, պետք է այս խնդրին նաեւ լուծում տալու
Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ ազգ-բանակ հայեցակարգից բովանդակային առումով չմնա մենակ բանակը, ազգը վերանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ