Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Սարգսյան. «Մենք թիրախավորում ենք այն հեռուստադիտողին, որ կարիք ունի այդպիսի ինֆորմացիա ստանալու». «Հրապարակ»

Հոկտեմբեր 26,2017 10:54

«Շողակաթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարն արդեն 12 տարի եթերում է։ Թեմաները, որոնք քննարկվում են հյուրերի հետ՝ գիտնականներ, արվեստագետներ, հոգեւորականներ, շատ տարբեր են. «Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք եւ տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու եւ ինքնագիտակցություն»։

Հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Սարգսյանը խոստովանում է, որ իսկապես բարդ աշխատանք է այդքան տեւական ժամանակ հաղորդաշարը եթերում պահելը։ Հաղորդման շարունակականությունն ապահովելու գրավականն այն է, որ հեռուստաընկերությունը եւ ստեղծագործական խումբը հստակ հայեցակարգ ունեն. «Հեռուստաընկերության համար շատ կարեւոր են իր առաքելությունը եւ այն նպատակները, որ, որպես հեռուստաընկերություն, իր առջեւ դրել է։ «Երրորդ հազարամյակի» հայեցակարգը հիմնականում ժամանակակից գիտելիքի փոխանցումն է հանրությանը՝ կապված հանրային կյանքի կարգավորման եւ քրիստոնեական բարոյականության նորմերի կյանքի կոչման հետ։ Ժամանակակից գիտելիքի փոխանցումը հայաստանյան հեռուստադիտողին կարեւոր է այնքանով, որ դրա օգնությամբ կարողանանք ունենալ թե՛ սոցիալապես, թե՛ բարոյապես ավելի կազմակերպված եւ առողջ հասարակություն։ Հաղորդաշարը վերլուծական բնույթի է, չիմաստավորված բանավեճեր չենք հրահրում, մեր խնդիրը հանրային կյանքի այս կամ այն երեւույթը վերլուծելն է եւ հնարավորինս ինտելեկտուալ, գիտելիքահեն հաղորդաշար ունենալը։ Մեր հասարակությունն անկախությունից հետո կազմավորման բարդ ժամանակաշրջան է անցնում, երբեմն՝ ծայրահեղ բարդ։ Մեր խնդիրը հանրությանն օգնելն է՝ ըմբռնելու եւ հաղթահարելու այդ բարդությունները։ Ընդ որում՝ օգնել ոչ միայն շարքային քաղաքացուն, այլեւ ամբողջ հասարակական համակարգին՝ սկսած պետական կառավարման համակարգից։ Ինչ-որ առումով հաղորդաշարը, կարծես, փորձագիտական օժանդակության նշանակություն ունի նաեւ հասարակական տարբեր ինստիտուտների համար»։

Ինչ վերաբերում է ռեյտինգ ասվածին, ապա Աննա Սարգսյանը նկատում է, որ ռեյտինգն այն իմաստով, որ այսօր հասկանում են եւ որի հետեւից վազում են հայաստանյան հեռուստաընկերությունները, իրենց համար առաջնահերթություն երբեք չի եղել. «Բայց դա չի նշանակում, թե մեզ համար միեւնույն է՝ հեռուստադիտողը կդիտի, կլսի մեզ, թե ոչ։ Ի վերջո, մենք հենց հեռուստադիտողի համար ենք աշխատում։ Մենք թիրախավորում ենք այն հեռուստադիտողին, որ կարիք ունի այդպիսի ինֆորմացիա ստանալու, լուրջ ենք վերաբերվում հետադարձ կապին, որքան թույլ են տալիս ժամանակակից գործիքները»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Շնորհակալություն,,Շողակաթ,,հեռուստաընկերությանը՝բոլոր հաղորդումները անհրաժեշտ են,բարձրաճաշակ են,թարգմանությունները գրական լեզվով են,կինոֆիլմերը ուսանելի են:Բայց արի ու տես,ինչը ,,Շողակաթը,,ստեղծում է տարիների ընթացքում,մյուս հեռուստաալիքները ,,քանդում,,են մի քանի օրվա ընթացքում:Օրինակ՝ինչ?է մեզ տալիս ,,Քաղաքումը,,,,Դոմինոն,,,Հնդկական սերիալները,Ծառուկյանի բարեգործությունների մասին ամենօրյա ևամենժամյա հիշեցումները,ուղղակի նման է Կարապետիչի ԱԼՄ ծրագրերին:Հերքա էլի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031