Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Պապիկյանը փրկել է Ֆելիքս Պետրոսյանի գրական ժառանգությունը՝ հասցնելով մեզ

Հոկտեմբեր 26,2017 10:42

Վերջին ժամանակներս ականատես եղանք, թե ինչպես է հայ զինվորը անձնազոհ լինում խրամատում կողք-կողքի կանգնած ընկերոջ համար: Սա խրամատում`պատերազմի օրհասական պահին, երբ կյանքի քաղցրությունն ավելի ես զգում, կարևորում ապրելը: Բայց կյանքն էլ խրամատ է, որտեղ պայքար կա, կռիվ, ապրելու տենչ, ծափերի փոխարեն սեր ու ընկերություն գերադասող անհատներ:

Մարդկային հարաբերություններում փոխադարձ հարգանքը, վստահությունն ու սերը ծնում են ընկերություն և ընկերասիրություն: Կյանքում կարևոր է լավ ընկեր ունենալը: Կողքիդ կանգնած մարդը պիտի վստահելի լինի, այնքան վստահելի, որ ամենաթանկը՝ կյանքն անգամ չխնայես:

Սովետական Հայաստանում քննադատված լրագրող, գրող Ֆելիքս Պետրոսյանն էլ իր կողքին նման ընկեր ուներ: Ֆելիքս Պետրոսյանի մասին գուցե շատերը չգիտեն, նույնիսկ չեն էլ լսել: Ասում են՝ տաղանդները չեն կորչում, տաղանդները լռում են, դադար առնում և հանկարծակի վերադառնում, ինչպես բումերանգ:

Հովհաննես Պապիկյանը արժևորեց Ֆելիքս Պետրոսյանի հոգին, գրողի մեծությունը, զգացմունքների խորության չափը, նվիրումը կյանքին: Շատ ճիշտ հասկացավ ընկերոջ սրտում ապրող միակի նկատմամբ անսահման,անծայրածիր և անչափելի զգացումը: Պապիկյանը շատ լավ գիտեր, որ Ֆելիքսի հոգում ապրող սերը իր միակ աստվածն էր, իր ապրելու լուռ վկան: Պապիկյանը անարժեք երևույթները թողնելով անցյալում, հետամուտ եղավ կատարելու իր սրտի, մտքի և հոգու պարտքը: Տարիներ անց կատարեց լավագույն ընկերոջ հողաթմբի մոտ տված սրբազան խոստումը: Պապիկյանը ոչ թե շատերի նման անարժեք երևույթներին մեծ արժեքներ տվեց, այլ եղավ իր խղճին, սրտին ու մտքին հավատարիմ ընկեր:

Հովհաննես Պապիկյանի խոսքը քաղցր է, մեղրի նման անարատ ու արդար, կյանքի նման ծանր ու բարդ, իրականության նկատմամբ ռեալիստական: Կյանքի արահետը հարթ չի եղել: Կողքինի աչքերով նայելուց պայքարի արդյունքը գոհացնում է գուցե: Իր իսկ աչքերով՝անցած-գնացած օրերի կյանքի ժապավենին նայելուց արդյունքը բավարա՞ր է թվում նրան: Չգիտեմ…կարծում եմ՝ ոչ…

Հովհաննես Պապիկյանի գրական ժառանգության ու ստեղծագործական ճանապարհի մասին խոսելու առիթներ եղել են, կան և վստահ եմ էլի կլինեն: Բայց ասելիքս ավելի շատ Պապիկյան մարդու, անհատի ապրած անցյալի և ապրեցնող ներկայի մասին է: Ինչպես նորակոչիկ զինվորն է երդում տալիս, որ ծառայելու է անմնացորդ հայրենիքին, այնպես էլ Հովհաննես Պապիկյանն է երդվել ու կատարել խոստումը: Երեսունչորս տարի անց ի մի բերելով սրտի, մտքի և հոգու ողջ կուտակածը՝ Պապիկյան մտավորականը կարծես մոռանալով ինքն իրեն, այսօր նվիրվել է վաղամեռիկ ընկերոջ գերեզմանին՝ երեք տասնամյակ առաջ տված իր խոստումն իրականություն դարձնելու հարգանքի արժանի առաքելությանը:

Ձեռքս եմ առել Հովհաննես Պապիկյանի հեղինակած «Կիսատ անուրջներ» եւ «Մահարու վերադարձը» երկու ժողովածուները: Երկու գրքերն էլ Ֆելիքս Պետրոսյանի մտքերն են, նամակները,չափածո ստեղծագործությունները: Ինձ գրավողը ոչ թե Ֆելիքս Պետրոսյանի իսկապես խորն ու ազդեցիկ մտքերն են, այլ Հովհաննես Պապիկյանին և Ֆելիքսին միավորող ուժը, որ կոչվում է ընկերություն: Կարդում եմ ու մտածում,որ ասվածի արժեքը հասկանալու համար պետք է լավ ընկեր լինել՝ ազնիվ, անկեղծ, շիտակ ու ընկերոջդ համար ամեն ինչի պատրաստ Պապիկյանի նման ուժեղ մարդ: Մտքումս ինձ հարց եմ տալիս՝ ես լա՞վ ընկեր եմ… Չգիտեմ, վախենում եմ նույնիսկ բարձրաձայնել հարցս: Եվ իսկապես, ո՞րն է լավ ընկեր լինելու բանաձևը: Ամեն մեկի մոտ յուրովի է, եզակի ու տարբերվող: Հարցիս պատասխանը Հովհաննես Պապիկյանը շատ հստակ է տվել՝ պարզ ու մատչելի, այնքան մատչելի, որ մարմնովս անցնող սարսուռը վախեցնում է ինձ: Իսկ Ֆելիքս Պետրոսյանն իսկապես տարբերվող տեսակ է: Նա մի առիթով գրել է. «Ինձ ծափեր պետք չեն…»: Հարց է առաջանում: Ո՞վ է Ֆելիքս Պետրոսյանը և ի՞նչ էր փնտրում, եթե ոչ ծափեր: Հարցեր, հարցեր, ինչու-ներ բազում: Մի բան հստակ է: Ֆելիքս Պետրոսյանի սերն այնքան հզոր ու մեծ է եղել, որ գրողը պատրաստ է եղել հրաժարվել արժանի գնահատականից, միայն թե սերն ապրի իր սրտում, իր ամեն օրվա արշալույսին:

Հովհաննես Պապիկյանը փրկել է Ֆելիքս Պետրոսյանի գրական ժառանգությունը՝ հասցնելով մեզ: Բայց այստեղ տեղին է ասել, որ գրողի հանճարեղությունը երևում է ոչ թե գեղեցիկ շարադրանքից, այլ նրա գրածի մեջ արտացոլված գեղեցիկի, վսեմի, լավի, ազնիվ էության, ու մարդկային բարձր որակների մեջ ապրող անհատից: Օրինակ՝ հայ զինվորի պարագայում խրախուսվում է ոչ թե թշնամուն խոցելու թվացյալ սխրանքը, այլ իր կյանքը վտանգելով՝թշնամու գնդակից զինակից ընկերոջը ամեն գնով փրկելու նրա ամենանվիրական ու հերոսական քայլը: Հովհաննես Պապիկյանն էլ հերոս զինվոր է, կյանքի զինվոր, որ մարտնչում է անվերջ, անդադար…Միտքս է գալիս Ֆելիքս Պետրոսյանի խոսքերը. «Ինձ ծափեր պետք չեն…»:

Ծափեր չփնտրող,բայց ծափերի կարիքը զգացող բանաստեղծը կյանքի վերջին տարիներն անցկացրեց կալանավայրում: Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործությունները պատառիկների տեսքով հասել են մեզ: Հասել են, որովհետև Հովհաննես Պապիկյանը լինելով լավ ու հավատարիմ ընկեր կարողացել է պահել ընկերասիրության թելը՝ միավորելով Ֆելիքս Պետրոսյանի հարազատ, թանկ ու կարևոր ընկերներին ևս: Ինչպես նշում են նրան ճանաչողները՝ Ֆելիքս Պետրոսյան անհատի հոգին հասկացողերը քիչ են եղել:

Այո, Հովհաննես Պապիկյանը հետամուտ եղավ հրատարակել ընկերոջ գրվածքները: Դատապարտված գրողի ծափերից հրաժարվող կերպարի մասին կարդում եմ նրա ստեղծագործություններում: Եվ մի բան հստակ է: Հովհաննես Պապիկյանն էլ միայնակ չի գործում: Նրա կողքին են մարդիկ, ովքեր լավ գիտեն Ֆելիքս Պետրոսյան մարդուն, բանտարկյալ պոետին, անսահման լիրիկա ունեցող կյանքին սիրահարված տղամարդուն:  Զարմանքս ու հիացմունքս միաձուլվում են ակամա: Ֆելիքս Պետրոսյանի գեղեցիկ բանաստեղծությունները, որոնք նվիրված էին իր սրտի աստվածուհիներին, ի վերջո ամենաանաղարտ,ամենաազնիվ և ամենաշիտակ աստվածուհու ձեռքով էլ հասան ընտրյալին՝ Ֆելիքս Պետրոսյանի լավագույն ընկերոջը: Եվ այսօր կարող ենք փաստել, որ դատապարտված, չընդունված, մերժված ու քննադատված Ֆելիքս Պետրոսյանի հոգին խաղաղ է, իսկ Հովհաննես Պապիկյանի խիղճը՝ հանգիստ: Իսկ նրանց կողքից նայող, բայց ոչինչ և ոչ մի բառ չասող անհատը՝ տարիների անցած-գնացածը արևոտ ու պայծառ օրերի հիշողությունները սրտում պահած երջանկանում է նման ընկերների անբաժանելիությամբ: Մի բան շատ պարզ է: Նույնիսկ մահը չբաժանեց նրանց:

Նորից միտքս է գալիս Ֆելիքս Պետրոսյանի «Ինձ ծափեր պետք չեն» բանաստեղծությունը և գիտակցում եմ, որ գրողը ծափերի փոխարեն լավ ընկեր, լավ մարդ ու կյանքին գեղեցիկ նայող հասարակություն է փնտրում: Այո ,չկա Ֆելիքս Պետրոսյանը: Չկա միայն ֆիզիկապես: Իսկ նրա բանաստեղծությունները, նամակներն ու խոհերը ավելին են ասում գրողի տեսակի,զգացածի և ապրածի մասին.

Ինձ ծափեր պետք չեն…
Արդեն այնքան եմ վարժվել ապտակին,
Որ թվում է, թե
ձեր այդ ափերից ծնված ծափերը
Կեղծավորաբար ինձ լռեցնելու ձայնահաբեր են,
լեզվակներ են
ու շքեղ դնչկալ…

Հեղինակ Ֆելիքս Պետրոսյան

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031