Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ անց, երբ անդրադառնանք առաջին տիկինների թողածին, պիտի հստակ ասենք՝ ով ինչ է արել, ինչ հետագիծ է թողել. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 26,2017 10:23

Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր Հայաստանի առաջին տիկիններին, սակայն հրապարակախոսական եւ վարքաբանական ձեւակերպումներից այն կողմ ընդամենը սահմանափակվել էր կենսագրական տվյալների զետեղմամբ:

Ասենք, այն, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը Լենինգրադի մանկավարժականն է ավարտել, ստեղծել է կանանց համահայկական միություն եւ կամ Հարավային Կովկասի կանանց ակումբ, ԱՄՆ-ում էլ՝ Հայաստանի զարգացման ծառայություններ ու այլ նմանատիպ անուններով կազմակերպություններ, ի՞նչ է, տեղեկատվությո՞ւն է տալիս ընթերցողին, ո՞վ կասի՝ ո՞րն է եղել այդ հասարակական կազմակերպությունների օգտակար գործողության գործակիցը: Միգուցե ավելի կարեւոր էր դրա՞ն անդրադառնալը:

Եվ կամ, ասենք, հետաքրքիր չէ՞, թե որքա՞ն է այսօր ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի միջոցով փրկված երեխաների թիվը, այդ ծրագրի արդյունավետությունը:

Բովանդակային հարցերը, արված գործի վերաբերյալ պատասխաններն են հետաքրքիր, քանի որ տարիներ անց, երբ անդրադառնանք առաջին տիկինների թողածին, պիտի հստակ ասենք՝ ով ինչ է արել, ինչ հետագիծ է թողել: Այդ ժամանակ չենք հիշելու նրանց մաներաները, հիշելու ենք գործը, արդյունքը, փաստը:

«Առաջին տիկինը ժամանակավոր կարգավիճակ է, որն իմ կյանքում էական փոփոխություններ չի մտցրել: Եվ երբ մարդիկ ինձ ասում են՝ չփոխվեք, մնացեք միշտ նույնը, պատասխանում եմ՝ անհոգ եղեք, կարգավիճակի հետ կապված սեւեռուն մտքեր չունեմ, այդ հիվանդությունն ինձ չի սպառնում՝ շարունակում եմ հանրային վայրեր այցելել՝ վերնիսաժ, սրճարան, ցուցահանդեսներ, խանութներ, այլ կերպ ասած՝ ես չեմ փոխվել»:

Այս խոսքերը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին են պատկանում, որի անվան հետ Հայաստանում կապված են բազմաթիվ առողջապահական, սոցիալական, մշակութային, բարեգործական, մանկապատանեկան շոշափելի եւ հստակ ծրագրեր, Արցախում իրականացվող ամենամյա նախաձեռնություններ, որոնք կայացրել, ստեղծել եւ հիմնել է ներկայիս առաջին տիկինը:

Արդեն կյանք մտած եւ արդյունավետ գործող այդ ծրագրերի եւ կառույցների մասին մեր իրականության մեջ, սակայն, ընդամենը միջոցառումային մակարդակի անդրադարձեր են լինում:

Հանդիսավոր բացումներից, կտրված ժապավեններից այն կողմ թե քանի հաշմանդամություն ունեցող երեխայի բուժման խնդիր է լուծվել, լեյկեմիայով տառապող մանկան կյանք է փրկվել, քանի ընտանիք է երջանկացել՝ վերջապես մանկան ճիչ լսելով, աուտիզմով հիվանդ քանի երեխայի զբաղվածության եւ ադապտացման խնդիր է լուծվել, քանի-քանի քաղաքացու դիմումի է ընթացք տրվել՝ դրական լուծմամբ, առանձնապես չի մանրամասնվում:

Գուցե դա նրանից է, որ մեր առաջին տիկինն առաջնորդվում է՝ կարեւորը կատարված աշխատանքն է եւ արդյունքը, նա, ով գործը, լավը տեսնելու կամք եւ կարողություն ունի, կտեսնի՝ ով չկամ է, միեւնույն է, ափիդ մեջ էլ մոմ վառես՝ իրեն լուսավորելու համար, զույգ աչքով կույր կլինի…

Մինչդեռ, փաստ է, որ նրա հիմնադրած «Արագիլի» շնորհիվ ծնվել է 370 երեխա, որոնք աշխարհ չէին գալու, եթե չլիներ Արագիլի գաղափարը: Բոլորի աչքի առջեւ հարյուրավոր երեխաներ են ապաքինվել «Նվիրիր կյանքի» շնորհիվ: Իսկ Առաջին տիկնոջ հովանու ներքո անցնող բազմաթիվ փառատոներն ու մրցույթները, այդ թվում՝ հատկապես դասական երաժշտության բնագավառում, մշակութային աշխուժություն են մտցրել երկրում՝ խթանելով դասական երաժշտությունը եւ մշակույթի ոլորտը:

Նշենք թեկուզ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, ֆիլհարմոնիկ նվագախմբի երեւանյան միջազգային փառատոնը, կատարողական արվեստի աշխարհահռչակ դեմքերի համերգները, նոր անուններ մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը, նաեւ՝ ֆիլմեր, ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ այլն:

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031