Լրահոս
Օրվա լրահոսը

Նկատառումներ՝ պաշտոնյաների եւ լրագրողների համար

Հոկտեմբեր 26,2017 10:10

Խորհրդարանական միջանցքներում պաշտոնյաները եւ լրագրողները երբեմն ընդհարվում են` հիմնականում այն պատճառով, որ առաջինները հաճախ չեն ցանկանում պատասխանել հարցերին, իսկ երկրորդները «վիզ են դնում» այդ պատասխանները ստանալու համար: Երկուշաբթի նման միջադեպ տեղի ունեցավ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Լրագրողներն իրենց գործն են անում, նրանց նպատակը նյութ ստանալն է: Նաեւ պետք է հաշվի առնել համացանցային լրագրության առանձնահատկությունները, երբ խուսանավող պաշտոնյայի հետեւից վազելը, «ախրանայի» դիմադրությունը հաղթահարելը ու «սուր հարցեր» հնչեցնելը YouTube-ում զգալիորեն ավելի շատ դիտումներ կբերի, քան ցանկացած նախարարի ցանկացած հարցի պատասխան:

Պաշտոնյաները պետք է այդ ամենը հաշվի առնեն եւ բոլոր պարագաներում դրսեւորեն զսպվածություն եւ համբերատարություն: Ես վստահ եմ, ավելի լավ է` լինեն հարյուրավոր կայքեր, հարյուրավոր հակադիր կարծիքներ, հարյուրավոր լրագրողներ եւ հարյուրավոր հարցեր` երբեմն թարսուշիտակ եւ «անտակտ», քան լինի «ակադեմիական անդորր»` բրեժնեւյան լճացմանը հատուկ «փոխըմբռնման մթնոլորտով»: Կամ մեկը, կամ մյուսը` այստեղ միջինը չկա:

Մի երկու փոքրիկ նկատառում էլ լրագրողների հետ կապված: «Այնպիսի տպավորություն է, որ դուք չեք տիրապետում իրավիճակին»` դա, ինձ թվում է, հարց չէ, դա պնդում է, պաշտպանության նախարարի դեպքում մեղադրանք է, որը հարցազրույցի ժանրի մեջ չի տեղավորվում: Լրագրողը կարող է, իհարկե, վերլուծություն կամ մեկնաբանություն գրել, որտեղ կզետեղի այդ պնդումը` ցանկալի է, որոշակի հիմնավորմամբ: Բայց շպրտել այդ մեղադրանքը պաշտոնյայի երեսին` դա, կարծում եմ, ընդդիմադիր քաղաքական գործչի գործ է, բայց ոչ` լրագրողի: Երբ մենք հարցազրույց ենք վերցնում պաշտոնյայից կամ ցանկացած այլ մարդուց, մեր նպատակն է, որքան հասկանում եմ, տվյալ անձնավորության դիրքորոշումը մեր սպառողներին ներկայացնելը, ոչ թե նրա «դեմքին թռնելը» կամ «պորտը տեղը դնելը»: Եթե նա հրաժարվում է դիրքորոշում հայտնել, դա, իհարկե, հիասթափեցնող է, պետք է այդ ցավալի փաստն արձանագրել, բայց, ի վերջո՝ դա նրա իրավունքն է:

Մի բան էլ ասեմ` թող իմ երիտասարդ գործընկերները չնեղանան: Խորհրդարանական լրագրող լինելը ինչ-որ «էլիտարության», բարձր որակի նշան չէ, գոռոզանալու, պարծենալու առիթ չէ: Իհարկե, ես գիտեմ, որ գործընկերներից ոմանց մեջ դա ամբիցիաներ է արթնացրել («ինչո՞վ եմ ես պատգամավորներից վատը»), եւ նրանք, ի վերջո, պատգամավոր դարձան: Բայց սովորական, «դասական» դեպքում այդ աշխատանքը որեւէ ձեւով մեզ չպիտի մոտեցնի քաղաքականությանը, «ընտրյալներին» եւ «վերնախավին»:

Խորհրդարանի աշխատանքը լրագրողական «պատմության» նույնպիսի հումք է, որքան Մարկուս Միլերի սպասվող համերգը կամ կյանքի հատակում հայտնված մեկի կյանքը: Գուցե այդ «արտախորհրդարանական պատմությունները» նույնիսկ ավելի հետաքրքիր են: Պատմողից է կախված:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, ջարդված շշի կտորը մտցրել նրա փորը”:
    Եթե չեք կարդացել, ապա խնդրում եմ կարդալ: Հայկական լրագրողության գլուխգործոցներից մեկն է: Եթե սրանք են լրագրողները, նրանք էլ քաղաքական գործիչներն են: Հանճարեղ է ասված՝շշի կտորը մտցրել է…Հա, չմոռանամ ասել, որ մենք էլ նրանց իսկական ընտրողներն ու ընթերցողներն եք՝բոլորովս իրար արժենք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031