Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցանկալի է վերականգնել քոլեջ-օպերա երբեմնի սերտ կապը»

Հոկտեմբեր 26,2017 14:30

Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն իր մարմնավորած Արքայազնի կերպարը հիշեց «Շչելկունչիկում»

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ին Մեծ թատրոնի շրջակայքում հավաքվել էին հազարավոր մարդիկ, որոնք հերթագրվում էին՝ ամանորյա տոներին Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային ներկայացման տոմս գնելու համար: Նրանց ներկայությունը, բնականաբար, ոստիկանության ուշադրության կենտրոնում էր, սակայն վերջիններս չէին միջամտում այնքան ժամանակ, մինչեւ սկսվեց քաշքշոց եւ ոմանց կողմից հնչեցին գազային ատրճանակի կրակոցներ… Միայն լուսադեմին որոշվեց, որ հերթագրվեն անձնագրով, առձեռն էլ տրվի ընդամենը մեկ տոմս: Մինչ կբացվեին տոմսարկղերը, Մոսկվայի քաղաքապետարանը մեկ «ուղղում» մտցրեց՝ բազմանդամ ընտանիքներին տրամադրել երկուական տոմս:

Հավանաբար սա միակ դեպքն էր, երբ մեր արվեստագետներն ու հանդիսատեսներից շատերը նախանձով արձագանքեցին:

«Առավոտի» հետ զրույցում էլ հիշեցին 1984թ., երբ քաղաքակիրթ երկրների օրինակով Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում էր «Շչելկունչիկը», որի երկարակեցությունը ընդհատեցին երկրաշարժն ու դրան հաջորդող դեպքերը:

«Առավոտը» քանիցս զրուցել է թատրոնի նախկին եւ ներկա գլխավոր բալետմայստերների, տնօրենների հետ՝ հենց «Շչելկունչիկը» վերականգնելու հարցով, քանի որ հիշյալ ներկայացումը միակն է, որն անխտիր տասնամյակներ շարունակ չի իջնում հեղինակավոր թատրոնների բեմերից՝ մանավանդ Ամանորի տոներին:

Ինչ վերաբերում է 1984թ. Ազգային օպերային թատրոնում հիշյալ բեմադրությանը, այն իրականացրել է Պերմի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Լյուդմիլա Սախարովան: Այս ներկայացման մեջ ներգրավված են եղել նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաները: Ի դեպ, տասնամյակներ շարունակ օպերային թատրոնում պրակտիկա էին անցնում քոլեջի սաները, ինչը, չգիտես ինչ պատճառներով, վերջերս ընդհատվել է: Ասվածի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանը, որը 2 ամիս է, ինչ ստանձնել է այս պաշտոնը, նշեց, որ մանկական բալետային ներկայացումների առիթով խոսել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ, եկել են համաձայնության բեմադրել 2 ներկայացում՝ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինոն» եւ Չայկովսկու «Շչելկունչիկը»՝ քոլեջի սաների մասնակցությամբ: Հիշեց նաեւ, որ ժամանակին, երբ քոլեջի սան էր, իրեն վստահվել էր Արքայազնի դերապարը: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ցանկալի է վերականգնել քոլեջ-օպերա երբեմնի սերտ կապը:

Երեւանի օպերային թատրոնի 85-ամյա պատմության ընթացքում մեծ թվով մանկական բալետային ներկայացումներ չեն եղել: Պարոն Գրիգորյանը մտաբերեց Մանսուրյանի «Ձյունե թագուհին», Սակիլարիի «Չոփչոփիկը», Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», Հրաչյա Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը»: Ասաց նաեւ, թե ժամանակին ցերեկային ներկայացումների ցանկում էին նաեւ Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքո», «Ուռենի» եւ «Ախթամար» մեկ գործողությամբ բալետները:

Երբ զրույցի ընթացքում անդրադարձանք մեկ ամիս առաջ «Շչելկունչիկի» առիթով Մոսկվայում տեղի ունեցած միջադեպին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ձեր ասածը վերաբերում է մեգապոլիսին: Բազմամիլիոնանոց Մոսկվայում կարող են լինել նման միջադեպեր, հերթեր, քաշքշուկներ: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, միայն հոկտեմբերին բալետային 6 ներկայացում ենք ունեցել՝ «Սպարտակ», «Գայանե», «Դոն Կիխոտ», «Կարմեն սյուիտ», «Լորկիանա»: Մինչեւ հունվար շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո կներկայացնենք նաեւ «Շոպենիանան»: Իմիջիայլոց, բալետային ներկայացումները անցնում են լեփ-լեցուն դահլիճում: Մե՜ծ ցանկություն ունենք մեր հանդիսատեսին ներկայացնել նաեւ Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», Ադանի «Կորսարը»: Միանշանակ կուզեի, որ բալետի խաղացանկում իրենց հաստատուն տեղը գտնեին նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Անտունին» եւ Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկը»: Անկեղծ ասած՝ մտքումս պտտվում է մանկական ներկայացում՝ ըստ հայկական երաժշտության ու կոմպոզիտորական արվեստի հավաքական մեղեդիների: Այս մասին դեռ ոչինչ ստույգ ասել չեմ կարող»:

Բալետային խմբի ղեկավարը նաեւ հայտնեց, թե 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Մալայզիայում Ազգային օպերային թատրոնի բալետային խումբը հանդես կգա «Շչելկունչիկ», «Կարապի լիճ», «Սպարտակ» եւ «Գայանե» բալետների «խտացրած» տարբերակներով:

Հավելենք, որ ուղիղ 30 տարի անց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրեց ամանորյա հեքիաթային համերգ. «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը՝ 3D անիմացիոն պատկերազարդմամբ, մասնակցությամբ պարարվեստի ուսումնարանի սաների, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի, ռեժիսորն էր Սուքիաս Թորոսյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031