Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջութակը թողել՝ ըմբշամարտով է զբաղվում»

Հոկտեմբեր 26,2017 13:30

Կայացել է Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հանրապետության բաց առաջնությունը

Հայաստանում ըմբշամարտը տարեցտարի ավելի լայն տարածում է ստանում, ավելի շատ երեխաներ են ցանկություն հայտնում մարզվել այս մարզաձեւով: «Առավոտի» հետ զրույցում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Սամվել Մարգարյանն ասաց. «Ով գալիս ու ցանկություն է հայտնում մարզվելու՝ չեմ մերժում: Թող գան մարզվեն, ինչ է եղել որ: Կարեւորը՝ երեխաները, պատանիներն իրենց լավ են զգում մարզադպրոցում, պայմաններն էլ շատ լավն են: Մենք հայրենասեր, ընկերասեր, հայրենիքի նվիրյալներ ենք դաստիարակում: Լավ մարդ են մեծանում, ագրեսիվ կամ ինքնամփոփ չեն, կոլեկտիվում լավ ընդգրկվում են: Կարգին տղերք ենք դաստիարակում»:

Ըմբշամարտը շատ ճանաչված է հանրապետությունում, եւ շատերն են ցանկանում մարզվել: Դրա լավագույն օրինակներից է նաեւ այն, որ այս մարզաձեւում աշխարհի չեմպիոններ ունենք: «Երեխաները սիրում են ըմբշամարտը: Ծնողեր կան՝ երեխային բերում են, ասում՝ 4 տարի ջութակի է գնացել, հիմա ասում է՝ Արթուր Ալեքսանյանի սպորտով եմ ուզում զբաղվել: Ջութակը թողել, եկել՝ ըմբշամարտով է զբաղվում»,-ասում է Մարգարյանը:

Օրերս անցկացվեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը, որը կազմակերպվում է 1991 թվականից: Նախկինում այն նաեւ միջազգային էր, հիմա միայն հանրապետական է, մրցույթին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերը:

Մարգարյանն ասում է. «Այս միջոցառումը մարզիկների համար մեծ փորձ է, նրանք փորձառություն են ձեռք բերում, ծանոթանում են մարզերի երեխաների հետ, ընկերանում: Հետո հանրապետության առաջնության են մասնակցում՝ ահագին փորձ ունենալով, դառնում են Հայաստանի չեմպիոն, ընդգրկվում են հավաքական, միջազգային մրցումներին են մասնակցում: Սկզբում այս մրցումն այդքան մեծ ճանաչում չուներ, բայց աշխարհի եռակի չեմպիոն է եղել Արայիկ Գեւորգյանը, Մարտին Բերբերյանը Եվրոպայի չեմպիոն եղավ: Իմ աշակերտն է: Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը մեր դպրոցի սաներն են եղել»:

Օրերս կայացած Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունում մասնակցել են 22-ից մինչեւ 63 կիլոգրամ քաշային մարզիկները: Մարգարյանն ասում է՝ անգամ 2-րդ դասարանցի երեխաներ էլ կային:

Ըստ քաշային կարգերի հաղթողներն են. 22 կգ՝ Մարգար Մարգարյան, 29 կգ՝ Լեոնիդ Սիմոնյան, 32 կգ՝ Մարատ Մկրտչյան, 35 կգ՝ Գոռ Մուրադյան, 38 կգ՝ Սարգիս Խաչատրյան, 41 կգ՝ Արտյոմ Գասպարյան, 47 կգ՝ Ալբերտ Սարգսյան, 50 կգ՝ Մուշեղ Եղիազարյան, 53 կգ՝ Իշխան Սահակյան, 56 կգ՝ Րաֆֆի Բաբայան, 63 կգ՝ Ներսես Զաքարյան:

«Սարգիսը, Րաֆֆին, Ներսեսը մեր դպրոցի սաներն են: Րաֆֆին իմ սանն է, նա հիմա փոքր է, բայց 2 տարուց կմասնակցի հանրապետության առաջնությանը: Շատ էրեխեք կան, որ հանրապետական առաջնությանը կմասնակցեն: Գոռը, Սարգիսը հեռանկարային մարզիկներ են: Ես մոտ 105 սան ունեմ՝ 8 տարեկանից մինչեւ 25 տարեկան: Ես երիտասարդական հավաքականում երեխա ունեմ՝ Եվրոպայում 3-րդ տեղ է գրավել»,-ասում է Մարգարյանը:

Մարզիչն ասում է՝ իր սաներին ծնողներից լավ է ճանաչում. «Դպրոց, ինստիտուտ ու բանակ ենք գնում իրենց մոտ, կապը ամուր է, մեկը՝ բոլորի համար, բոլորս՝ մեկի»:
Այսինքն՝ «ուժ ունեմ՝ խելք պետք չէ» հայտնի խոսքերը մարզիկներին չե՞ն վերաբերում, հարցնում եմ Մարգարյանին: «Էդպես չէ, սպորտում էլ պետք է ուղեղն աշխատի»,- ասում է մարզիչը:

Մարգարյանը 1994-ից 2008 թվականը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն է եղել: Հիմա 64 տարեկան է, ասում է՝ 40 տարվա աշխատանքային փորձ ունի, ու էլի կշարունակի աշխատել՝ որքան ուժերը բավականացնեն:

 

ԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031