Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Չեկայի չկա սոցիալիզմ

Հոկտեմբեր 26,2017 13:00

Հոկտեմբերի 24-ը Լեռ Կամսարի ծննդյան օրն է

Այն հանգամանքը, որ Լենինն իր սոցիալիստական շինարարությունը սկսեց հոկտեմբեր ամսին, շատերի մեջ այն թյուր կարծիքն է առաջացրել, որ դա կախված է կլիմայական պայմաններից եւ հատկապես աշնան եղանակն է բարենպաստ այդ վարդապետության շինարարությանը։

Բայց փորձերը ցույց են տվել, որ տարվա բոլոր եղանակներին էլ կարելի է սոցիալիզմ շինել։ Մինչեւ անգամ ձմեռվա սառնամանիքներին, եթե շինարարը տաք հագնված լինի։ Սոցիալիզմի համար պետք է ման գալ երկրի երեսին եւ գտնել մի մեծ պետություն, որի բնակիչները կատարյալ ավանակ լինեն։ Պետք է խստիվ հետեւել, որ ձի կամ ջորի չլինեն, այլապես գործը գլուխ չի գա, որովհետեւ դրանք մտածող կենդանիներ են։ Իսկ այն երկրներում, ուր ավանակ չի ճարվում, կարող են օգտագործվել ոչխարներ, որոնց պոզերը պետք պիտի լինի նախապես հանել։

Այս նախնական զգուշությունից հետո, արդեն կարելի է իսպառ վերցնել ու հարթել տվյալ երկրի հին կարգերն այնպես, որ հինը հիշեցնող ոչինչ չմնա։

Հարթել կարելի է երկու կերպ. սափրել կամ արմատից հանել հինն այնպես, որ տեղում բուսնի անդասակարգ հասարակություն։ Չլինեն հաստավիզ բուրժուաներ ճարպոտած որովայներով ու բարակ վզով աշխատավորներ։ Հանձնարարվում է հին կարգերն արմատով հանել։ Երբ սափրում ես երեսից, արմատները մնում են հողի մեջ, եւ հին կարգերը նույնությամբ բուսնում են։ Դասակարգեր՝ հաստ ու բարակ վզերով։

Լենինի շինած սոցիալիզմն, օրինակ, սափրովի էր։ Հարթելուց հետո նույն հին կարգերը բուսնեցին, միայն մի փոքր ավելի բարգավաճ ու ավելի փարթամ։ Այնտեղ բուրժուաների վզերը կրկնակի հաստ էին, ու աշխատավորի եւ գյուղացու վզերը կրկնակի բարակ։
Այդ վզերն իրարից տարբերվում էին նաեւ իրենց գույներով։ Նախկինները ճերմակ էին, իսկ ներկաները՝ կարմիր, որի հետեւանքով էլ կոչվեցին «կարմիր բուրժուաներ»։

Միայն երկրի անունը փոխվեց։ Նախկինում Ռուսաստանը կոչվում էր ցարական, ներկայումս՝ հեղափոխական։ Անուններ այնքան համանիշ, որ կարելի էր ազատ կերպով գործածել մեկը մյուսի փոխարեն։

Սոցիալիզմը քիմիապես տարրալուծելիս գտնում ենք, որ նա էլ օդի նման երեք տարրերից է բաղկացած, բայց ափսոս որ՝ ոչ թթվածնից, ածխածնից եւ բորակածնից, որն ավելի առողջարար է շնչելու համար, այլ ճորտատիրությունից, ցարիզմից ու սուլթանիզմից, որը շնչել չի լինում։

Սոցիալիզմի վարպետը պետք է իմանա վերոհիշյալ երեք տարրերը համադրել հավասար չափով բարձրավոլտ գազանություն ստանալու համար։ Շատերը փորձեցին միայն սուլթանիզմով սոցիալիզմ կառուցել ու չհաջողվեց։

Սուլթանը, երբ կոտորում էր հայերին, նախապես իր երկրի սահմանները չէր փակում պահակներով, շներով ու փշալարով, որի հետեւանքով կոտորածից ազատվողներ էին լինում արտասահման փախչելով։ Հետո Սուլթանի կոտորածների մեջ հապճեպություն կար, որի հետեւանքով նա չվայելեց կոտորածի ողջ հաճույքը։ Նա կոտորում էր, ինչպես որսորդները վայրի գազան են որսում։ Զոհերի նախնական հաշվառում չկար։ Տեսար մի քաղաք առավ թնդանոթի հարվածի տակ։ Երբ դահիճը կրակում է հեռվից, բնական է, որ զոհը մեռնի իր ցանկացած ձեւով։ Եվ երբեմն էլ չմեռնի։ Իսկ սոցիալիզմը մարդկային երջանկությանն է հետապնդում՝ նա այդպես «յաբախտ» չի կարող սպանել։ Նա ունի իր զոհերի լրիվ ցուցակ, անունով, հայրանունով ու ազգանունով։ Դրանց հավքում լցնում է բանտերը եւ մաս-մաս հանում կոտորում, հետո էլ ուղարկում է իր «մահվան կոմիսարին» ստուգելու, թե զոհը գիտակցաբա՞ր է մեռել, խոմ հետո չի՞ փոշմանի ու կենդանանա, դառնալով «կրկնահանցագործ»։

Սոցիալիզմ շինելիս չպետք է աշխատել ցարիզմից օգտվել. դա թույլ ռեժիմ է եւ կարող է «լիբերալիազմ» մտցնել սոցիալիզմի մեջ։ Ցարը տարին մեկ, երկու տարին մեկ միայն մի մարդ էր կախում, եւ կախվողն էլ մեռնում էր համարյա «խաթեր համար»…
Իմացի՛ր, զոհին այդպիսի թույլ մահերով մեռցրիր՝ մի օրում սոցիալիստական կարգերը կտապալվեն։

Հետո՝ ցարերը եւ սուլթանները պարտիզանական մարդասպաններ էին։ Եղավ՝ կսպանեին, չեղավ՝ չէին սպանի։ Մինչդեռ սոցիալիզմի համար հարկավոր է ունենալ մի մնայուն ապարատ, որի միակ գործը պիտի լինի մարդասպանությունը, եւ հիմնարկի անունն էլ լինի Չեկա։

Առանց Չեկայի չկա սոցիալիզմ։

Նվիրվում է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին:

Լեռ Կամսարի անտիպ «Սոցիալիզմ շինելու համառոտ ձեռնարկ»-ից

1965թ.

 

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031