Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվածին մահակներով, բահերի կոթերով հարվածներ են հասցվել. Ընթերցվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» և մյուսների մեղադրանքը. «Հետք»

Հոկտեմբեր 25,2017 23:57

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ,  այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ խոսքը 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ», Պետրոս Իսրայելյանին, ով հայտնի է, որպես «Չարբախցի Գեղամիկ» և Արմեն Գասպարյանին, ով հայտնի է «Բդո» մականունով:

Ամբաստանյալները չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները

Այսօր մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Մեղադրանքում առկա է ձևակերպում, համաձայն որի՝ «Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով առողջությանը ծանր վնաս հասցնելու հորդորներ են եղել», և այս ամենը Պետրոս Իսրայելյանի մոտ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել:

Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում «Լիա»  գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը:

Մեղադրանքի համաձայն՝ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը, մասնավորապես՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող, քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանին հեռացրել է գեղեցկության սրահի նկուղային հարկից, որի նպատակը եղել է հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելը, Մուշեղյանի առողջությանը վնաս հասցնելու գործընթացում հնարավոր խոչընդոտները վերացնելն ու այդ գործընթացը  հեշտացնելը:

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյան, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են  Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Hetq.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031