Այս տարի լրանում է «Մեա Կուլպա» ներկայացման 15 տարին։ Այս տարի ստեղծագործական խումբն արդեն հանդիսատեսին է ներկայացրել «Մեա Կուլպա-2»-ը կամ՝ «Սիրով՝ ապագայից»-ը։
Այս կապակցությամբ հոկտեմբերի 25-ին ստեղծագործական խումբը լրագրողներին հրավիրել էր ներկայացումը դիտելու, որից հետո պատասխանեց հարցերին:
Ներկայացման ուղերձն այն էր, որ եթե հայերը սիրեն միմյանց եւ այն հողը, որի վրա ապրում են, բոլոր արատները, կոռուպցիան, կաշառակերությունը, միմյանց «քցելը» վերանա, Հայաստանը 2091 թ. կդառնա լավագույն երկիրը:
«Մեա Կուլպա-2»-ում շեշտվում էր, որ կարեւորը հայամետ լինելն է, իսկ հերոսն ասում էր, որ արեւմտամետ կամ ռուսամետ լինելը «պոռնիկի վաստակություն է»: Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությանը, դարձյալ հերոսի բերանից հնչում է. «Այդ ռուսները չեն ասել տեր եմ, դուք եք ասել՝ հնազանդ եմ»:
Հրանտ Թոխատյանը ներկայացումից հետո անդրադարձավ նաեւ Կանազի մշակույթի պալատն իր կողմից վարձակալությամբ տնօրինելուն :
Մեր դիտարկմանը, որ ներկայացման հերոսներից մեկը կարծես Զարուհի Փոստանջյանին է հիշեցնում, արդյոք նրան են նկատի ունեցել, բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը պատասխանեց, որ հերոսների մեջ ոչ մի իրական մարդ չկա, բոլորը հորինված կերպարներ են:
Իսկ Հրանտ Թոխատյանը նշեց, որ ներկայացմամբ ցանկանում են ասել, որ ամեն մեկը պետք է հասկանա իր գործած մեղքը: «Օրինակ, ինձ բազմիցս ասել են, որ ծախված եմ, թե որտե՞ղ է իմ ծախված լինելը, չեմ հասկանում: Ես միակ մարդն եմ, որ հրաժարվեցի վաստակավոր արտիստի կոչումից, որովհետեւ տվել էին` առանց հիմնավորելու…Հիմա էլ հիմնավորեցին ու ժողովրդականի կոչում տվեցին: Բայց դրանից կենսամակարդակս չբարձրացավ, կոմունալ ծախսերս չպակասեցին, ոչ էլ դրանից հետո ավելի լավ սկսեցի խաղալ: Միայն աղջիկս է ուրախացել, մեդալը կպցնում է շորին ու դուրս է գնում»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե իր ներկայացման այն կտորը, որտեղ դերասաններն ու դահլիճը միասին արտասանում են Չարենցի «Ես իմ անուշ»-ը, հիշեցնում է Վարդան Պետրոսյանի հայտնի ներկայացումը, որտեղ դերասանն ու ողջ դահլիճը միասին երգում էին «Երազ իմ երկիրը», Հրանտ Թոխատյանը պատասխանեց, որ իրենց ստեղծագործական խմբի եւ Վարդան Պետրոսյանի նպատակը նույնն է, այդտեղից էլ ընդհանրությունը:
«Վարդան Պետրոսյանը չկա հայկական բեմում, բայց նա պետք է լինի, բոլորս պետք է դրա համար ամեն ինչ անենք»,-ասաց Թոխատյանը:
Դերասանին նաեւ հարցրինք, ներկայացման հերոսի օրինակով, որ ուզում էր «տփել հայ անտաղանդ երգիչ-երգչուհիներին, դերասաններին», ինքը հատկապես ո՞ւմ կուզենար «տփել» որպես անտաղանդ արվեստագետ: Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Առաջին հերթին ինձ»: Նաեւ ասաց, որ գործընկերներից որեւէ մեկին նկատի չի ունեցել:
Ինչ վերաբերում է ներկայացման մեջ լրագրողներին քննադատելուն, հավելեց. «Ինչու բոլորդ կատարյալ եւ անթերի ե՞ք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ներկայացման մասին՝ հաջորդիվ: