Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի սայթաքումը

Հոկտեմբեր 25,2017 22:55

Հայաստանի կառավարիչների մեջ եզակի մարդիկ կան, որ իրենց պահել գիտեն: Նշեմ երեքին՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան:

Սակայն հոկտեմբերի 24-ին Վիգեն Սարգսյանը այս շարքից դուրս եկավ. լրագրողին ասաց՝ անտակտ: Ուշագրավ այն է, որ խոսեց դուք-ով. «Դուք անտակտ եք»: Այսինքն, Վիգեն Սարգսյանի համար դիմացինի հետ հարգալից խոսելը սովորական պահվածք է: Ի տարբերություն, ասենք, պատգամավոր Մանվել Գրիգորյանի, որը խիզախ հայտարարում է, թե ութ կին ունի (Հայաստանում բազմակնությունն արգելված է), կամ պատգամավոր Վարդան Ղուկասյանի, որ լրագրողին հեգնում է. «Դու հլը փոքր ես, կմեծանաս, կհասկանաս», կամ պատգամավոր Գալուստ Սահակյանի, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցին ի պատասխան լրագրողին ասում է. «Կարծում եմ` դու էլ հոգեբույժի կարիք ունես», կամ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի, որ լրագրողին սպառնում է ծնոտը կոտրել: Այս մարդիկ կամ նախկին կամ ներկա հանրապետական են եւ նրանց նման պահվածքն է սովորական դարձել: Անսովորը Վիգեն Սարգսյանի վիրավորողի պահվածքն էր:

Չէի ուզի, որ նա կամ Դավիթ Հարությունյանը կամ Արտեմ Ասատրյանը դառնային Մանվել, Վարդան, կամ Մհեր: Որովհետեւ նման մարդկանց ներկայությունը պետական բարձր օղակներում պետության վերջի սկիզբն է, իսկ բոլոր պաշտոնյաների մանվել-վարդան-մհերացումը՝ վերջի վերջը:

Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, Վիգեն Սարգսյանը նեղված-հուզված է եղել, որ ժամկետային զինծառայության մասին իր խոսքը սխալ է ներկայացվել, մի քանի անգամ կրկնել է՝ «ոտքի վրա հարցազրույց չեմ տալիս» ու նրա թիկնապահները հրմշտել են լրագրողներին: Նեղված լինելը չի արդարացնում լրագրողին վիրավորելու Վիգեն Սարգսյանի քայլը:

Հենց նեղվածության արդյունքում է, որ Երեւանի տրանսպորտում ուղեւորները վիրավորում են վարորդներին ծխելու, բարձր երաժշտություն միացնելու համար: Պատասխան վիրավորանքներ են հնչում ու հարցը չի լուծվում: ԱԺ-ում օրինագծի քննարկումը, նախարար-լրագրողներ շփումը մի քիչ տարբերվում են ներքաղաքային ուղեւորափոխադրումներից ու հանրային տրանսպորտի ծխող, ուղեւորին վիրավորող վարորդը հաստատ ընդօրինակելի կերպար չէ: Վարորդը գիտի, որ իր թիկունքում մի գծատեր ՀՀԿ-ական կա, օրինակ Տարոն Մարգարյանը, գիտի ինչ էլ անի՝ չի պատժվի:

Բայց պաշտպանության նախարարը, որի թիկունքում հանրապետության նախագահն է, նման «շքեղության»՝ իրեն անպատժելի կարծելու եւ ամենաթողությանը տրվելու իրավունք չունի: Եթե պատկերավոր ասենք, պետական պաշտոնյան, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը կանգնած է բարձր մի տեղ, ամեն կողմից երեւում է նրա ցանկացած շարժ, լսվում ցանկացած խոսք: Բարձր տեղ կանգնածը պիտի հետեւի իր լեզվին ու շարժումներին: Մինչ հոկտեմբերի 24-ը Վիգեն Սարգսյանին դա հաջողվում էր: Հոկտեմբերի 24-ին՝ չհաջողվեց:

Վիգեն Սարգսյանի այս սայթաքումը կառավարության ընդհանուր դիմագծի համար ոչ տաք է, որ սառը: Արդեն քանի տարի Հայաստանի քաղաքացիների համար կառավարության դեմքը ինտելեկտով չփայլող գործիչներն են՝ Գալուստ Սահակյան, Արամ Հարությունյան, Արտակ Սարգսյան եւ այլք: Իսկ Վիգեն Սարգսյանի համար՝ սայթաքումը բացասական ազդակ է: Վիճակը կարող է շտկել միայն ինքը: Հրապարակային խոսքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031