Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին, որ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել այդ երկրի դեմ՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի դատավճիռը չիրականացնելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
2014թ. ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Մամեդովի ձերբակալությունը և ազատազրկումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված: Մասնավորապես, դատարանը գտել էր, որ Մամեդովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունի լռեցնել նրան: Ուստի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ազատ արձակել ընդդմիադիր գործչին:
Դրանից անցել է ավելի քան 3 տարի, մինչդեռ Մամեդովը շարունակում է մնալ բանտում:
Նախարարների կոմիտեն այսօր որոշել է առաջին անգամ սկսել 2010թ. ներկայացված գործընթացը, որի համաձայն գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որոշելու՝ արդյոք վճիռը չկատարելը նույնպես կոնվենցիայի խախտում է համարվում:
Այսօր ընդունված միջանկյալ բանաձևում կոմիտեն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել՝ գրավոր ձևով իր դիրքորոշումը հայտնելու համար: Քանի դեռ ՄԻԵԴ դատավճիռը չի իրականացվել, դեկտեմբերի 5-ին Նախարարների կոմիտեն կքննարկի հաջորդ միջանկյալ բանաձևը՝ գործը ՄԻԵԴ վերադարձնելու վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ