Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քառորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.
«Մեր երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով ծավալուն համագործակցություն է ընթանում՝ կրթական, տեղական եւ պետական մակարդակներով: Արդյունավետ է նաեւ գործարար համայնքների միջեւ գործընկերության ոլորտը»:
Երեկոյին ներկա Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջեթ Բրինքն իր կողմից ընդգծեց Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման ոլորտում.
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործընթացներին մասնակցելու եւ Սիրիայից ավելի քան 20,000 փախստականներ ընդունելու համար»:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը:
Հայաստանը Միացյալ Նահանգների բարեկամներից է, նշեց երեկոյին կոնգրեսական Էլիոթ Էնգելը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում.
«Հայաստանի համար հեշտ չէ Ամերիկայի բարեկամ մնալը, Ռուսաստանի հարեւանությամբ գտնվելով, իսկ Ռուսաստանը հայտնի է հարեւանների վրա ճնշում գործադրելու իր ռազմավարությամբ: Այնպես որ մենք պետք է միանշանակ հայտնենք Ռուսաստանին եւ ողջ աշխարհին, որ Միացյալ Նահանգները հայ ժողովրդի բարեկամն է»:
Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսականներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնն էլ խոսեցին Հայաստանում իրենց տեսած առաջընթացի մասին.
«Հայաստանի եւ Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է: Երեւանն արդեն ժամանակակից քաղաք է, տպավորիչ էր նաեւ Ստեփանակերտը»:
Կոնգրեսականն ընդգծեց, որ մեր օրերի Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն բարեկամն է այլեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արժեքավոր գործընկերը: Դիմելով ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ֆրենք Փալոնը կոչ արեց աջակցել Հայաստանին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: