Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնավաճառի սեփականատերը հորդորեց արձաններով լեղաճաք չանել գյումրեցիներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 19:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու քաղաքապետարանում հասարակական լսումներ էին կազմակերպվել նախագահ Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ Գյումրու կենտրոնական Աբովյան ճեմափողոցում 12 արձաններից բաղկացած արձանախումբ տեղադրելու մտադրության մասին։

Գյումրու «Անժելիկա» տոնավաճառի սեփականատեր Արմեն Անդրեասյանը, որը ևս մասնակցում էր լսումներին, ասաց․ «Պետք չէ ձեր թվարկած մարդկանց արձանները նստարաններին տեղադրել, շատ տհաճ է, ասենք գիշերը լույսերը մարած են, հանկարծակի անջատում են, մարդիկ մտնեն, վախենան, ասեն՝ վայ սաղ նստած են, էս ո՞վ են»,- ասաց գործարարը։ Ի պատասխան գործարարի՝ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը կատակեց․«Հո անծանոթ մարդ չեն նստածները,որ հարցնեն՝ ո՞վ են»։ Մասնակիցները սկսեցին մի լավ ծիծաղել։

Գործարարը շարունակեց․ «Շատ տհաճ կլինի, գիտեք՝ սոցիալական ցանցերում էլ երիտասարդները ինչի են ընդունակ, հանկարծ պոզ հանած կամ չգիտեմ ինչ նկարներ գցեն արձանների հետ, շատ վիրավորական է։ Շատ գեղեցիկ կլինի՝ եթե արձանները լինեն կոլորիտային, ինչո՞ւ Մհեր Մկրտչյանի արձանը տեղադրենք այդպես նստած, Երևան գինետան դիմաց տակառիկը ձեռքն է, իմաստ չունի, մենք արժեզրկում ենք։ Ես օրինակ առաջարկում եմ Մհեր Մկրտչյան-Գալյա Նովենց արձանախումբը, Գալյա Նովենցն էլ մեր գյումրեցին, «Վառեմ-մարերմի» հանրահայտ շենքի վերանորոգումից հետո, Գալյա Նովենցը թող կանգնած լինի, նայի բալկոնից, Մհեր Մկրտչյանը՝ ներքևից, այդ արձանախումբը լինի, ինչի՞ Մհեր Մկրտչյանին Նիկոլի տեսքով չստեղծենք, էն որ ասում է՝ ինձը ձեռք չտաք»,-առաջարկեց գործարարը։

«Դուք արդեն քանդակ եք առաջարկում»,-նստած տեղից արձագանքեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանը։

Քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ կարծիք հնչեցրեց, որ այս հարցում անհրաժեշտ է նախ դիմել մասնագետներին, այլապես թե՛ լրագրողները, թե՛ պատկան մարմինները մինչև մասնագետների հետ հարցը քննարկելը, արդեն որոշումներ են կայացնում։ Նա ասաց, որ որպես մասնագետ՝ իրենից կարծիք հարցնելու դեպքում, կարող է 4 տարբեր այլընտրանքային առաջարկ անել, օրինակ՝ ասենք 12 արձանները հավաքել Աբովյան ճեմափողոցի մուտքի մոտ կամ ասենք՝ 5-ը մի ծայրում, 7-ը՝ մյուս ծայրում, որից բացարձակապես չի խաթարվի պատմամշակութային ճեմափողոցի տեսքը։

Քանդակագործը նաև չհամաձայնեց շրջանառվող տերմինների օգտագործմանը, դրանք են՝ «արձանախեղդ», «արձանակույտ» և այլն։

Նշենք, որ քննարկմանը մասնակցող երիտասարդները իրենց հերթին բացատրում էին, թե ի՞նչ է նշանակում արձանախեղդ բառը։ «Դուք ուզում եք Վարդան Աճեմյանի արձանը տեղադրել թատրոնի դիմաց, բայց տեղ չկա չէ՞, ազատ տարածք չկա, որովհետև արձաններով պատված է, դա էլ հենց նշանակում է արձանախեղդ»,-բացատրում էին երիտասարդները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031