Ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր էր ներկա լինել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Սակայն այսօր Կարեն Կարապետյանը չէր եկել, ինչն արժանացրեց «Ելքի» պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը:
Փաշինյանն էլ որոշեց, այնուամենայնիվ, մոտենալ խոսափողին եւ հարց տալ վարչապետին, քանի որ, իր խոսքերով՝ «ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերին, թե վարչապետը ներկա չէ, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք սխալ տեղեկատվություն են փոխանցում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն իրավական պետություն է եւ արձանագրվել է, որ եթե որեւէ մեկը ՀՀ-ում վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա բացի այստեղից ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»:
Նա վարչապետին հարցրեց. «Բարի երեկո, պարոն վարչապետ, ուրախ էինք ձեզ այսօր խորհրդարանում տեսնել եւ ուրախ ենք, որ դուք տիրապետում եք ձեր սահմանադրական պարտականություններին: Մամուլում լուրեր տպվեցին, թե դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եւ պայմանավորվել եք, որ նա պետք է լինի վարչապետ, իսկ դուք՝ փոխվարչապետ: Խնդրում եմ պարզաբանեք այս լուրերը, ոմանք ձեզ փորձում էին ներկայացնել որպես փոփոխությունների ավետաբեր եւ հիմա այս հարցի պատասխանից է կախված՝ դուք իրականում փոփոխությունների ավետաբե՞ր եք, թե՞ ճահճացման մունետիկ»:
Հարցը հնչեցնելուց հետո Փաշինյանը համբերատար սպասեց վարչապետի թվացյալ պատասխանին: Փաշինյանն այնքան էր մտել դերի մեջ, որ անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Փաշինյանին արձագանքելու հնարավորություն տվեց: Նա էլ շարունակեց վարչապետի հետ զրույցը. «Ես հասկանում եմ, որ դուք այս հարցին պատասխանելու համար մտածելու կարիք ունեք, ես ձեզ սիրով տրամադրում եմ այդ ժամանակը, մտածեք եւ հաջորդ անգամ պատրաստված եկեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ