Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ, վստահեցրեց՝ արդյունավետ քննարկում էր, նույնիսկ տեղ-տեղ` հետաքրքիր:
«Քննարկումների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Մենք ԵԱՏՄ շրջանակներում ձեւավորում ենք ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություններ: Դա հեշտ աշխատանք չէ եւ պահանջում է երկար ու տքնաջան աշխատանք: Դա հնարավոր կդառնա մեր քննարկումների, բանավեճերի, փոխզիջումների եւ մեկս մյուսիս լսելու ցանկության արդյունքում»,- ասաց Մեդվեդեւը:
ՌԴ վարչապետի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ երկրների միասնական ՀՆԱ-ն աճել է 1,8%-ով: Այս աճն, ըստ ՌԴ վարդապետի, վերաբերում է բոլոր անդամ երկրներին:
Իսկ ապրանքաշրջանառությունն ԵԱՏՄ անդամ երկրներում աճել է 28%-ով, 3-րդ երկրների հետ արտաքին առեւտրի շրջանառությունն աճել է 26%-ով:
Ավելի լավ արդյունքներ գրանցելու ու առաջ գնալու համար, ըստ Մեդվեդեւի, կարեւոր է եւ պետք է կատարելագործել ԵԱՏՄ իրավական դաշտը:
Այս տարվա նոյեմբերի 1-ից, ինչպես ասաց Մեդվեդեւը, գործողության մեջ է մտնելու մաքսային օրենսգիրքը, որը կկանոնակարգի բազմաթիվ հարցեր:
«Պետք չէ ամբողջ ուշադրությունը բեւեռել նավթի ու գազի հետ կապված հարցերին, քանի որ միության ներսում կան բազմաթիվ այլ կարեւոր խնդիրներ: ԵԱՏՄ-ն նավթի ու գազի միություն չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասում չկա գազ ու նավթ, եւ եկամուտների առյուծի բաժինն ամենեւին նավթին ու գազին չի հասնում»:
Անդրադառնալով տնտեսության որոշ ճյուղերի փաստաթղթեի թվայնացմանը, Մեդվեդեւն ասաց, որ դա կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանն ու ծախսերի կրճատմանը»:
Ռուսաստանի տնտեսության խնդիրներին անդրադառնալով, այդ երկրի վարչապետը նշեց շաքարի շուկան` նկատելով՝ օգոստոսի 1-ի դրությամբ շաքարի գինը իջել է 44%-ով, որը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն շաքար արտադրող խոշոր երկրներից է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ