Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվեցին Վանաձորի մանկապարտեզների վարձավճարների նոր չափերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2017 18:13

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստին ներկա էին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների 14 անդամներ: Օրակարգային հարցերից քննարկում ծավալվեց հատկապես Վանաձորի համայնքի 2018 թվականի տեղական տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հարցի շուրջ:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն առաջարկեց տարբերակում մտցնել՝ տնակային եւ շենքային պայմաններում գործող մանկապարտեզների վարձավճարների մեջ. «Դասակարգումները, որ նախկինում տրվել են՝ 6000, 5500, 4000 դրամ եւ այլն, ես դրան համաձայն չեմ: Ես առաջարկում եմ մանկապարտեզները բաժանել 2 խմբի՝ տնակային ավանում գործող մանկապարտեզ եւ նրանց համար սահմանել 3500 դրամ, եւ շենքային պայմաններում գործող մանկապարտեզ, միջին թիվը վերցնել սահմանել 5000 դրամ: Որպեսզի դրա հետ կապված ոչ տարընթերցումներ ունենանք, կամ մի հատ էլ հաշվապահ պահենք, թե որտեղից ինչքան եկավ»:

Վանաձորում այս պահին գործում են 20 մանկապարտեզներ, դրանցից 4-ն իրենց գործունեությունը ծավալում են տնակային պայմաններում, 16-ը՝ շենքային: Վարձավճարները մանկապարտեզներում տատանվում են 3000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմաններում:

-Պարոն Ասլանյան, բայց տնակային պայմաններում 4000 դրամ վարձավճար է գործում, իջեցնելու դեպքում խնդիր չե՞նք ունենա,- հետաքրքրվեց ավագանու անդամ Հայկազ Մովսիսյանը:

-Ես էլ եմ համամիտ, որ մեր քաղաքացիները միանման ծառայությունների համար միանման վճարներ պետք է տան, որովհետեւ 3000 տան կամ 6000 դրամ, չեմ կարծում, որ այնտեղ, որ կրկնակի ավելի են տալու, այդտեղ երեխաները խորոված են ուտելու: 5000 դրամը մեծ մասի համար բարձրացում է,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը:

Նշվեց, որ մանկապարտեզներում օգտագործվող մի շարք սննդատեսակներ թանկացել են մինչեւ 40 տոկոսի չափով: Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի սննդակարգ ունեն մանկապարտեզները. «Ինչպիսի՞ն է կալորիականությունը, բոլոր մանկապարտեզներում հավասար են, թե՞ տարբերություններ կան»:

-Օրինակ քիչ վարձավճարով մանկապարտեզներում, սպիտակուցներ եւ այլն, դրանք փորձում ենք այլ սնունդով լրացնենք, ըստ հնարավորության: 3000 կամ 3500 դրամով մանկապարտեզ պահելը, համաձայնեք, որ դա գրեթե անհնարին է,- Քալանթարյանի հարցին ի պատասխան ասաց Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Երկար քննարկումից հետո որոշվեց՝ տնակային ավաններում գործող մանկապարտեզների վարձավճարները սահմանել 4000 դրամ, իսկ շենքային պայմաններում գործունեություն իրականացնող մանկապարտեզների համար սահմանվեց 5000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031