Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց. «2013-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական խայտառակ գազային համաձայնագիրը, որով մենք 20 տոկոս մեր ունեցած վերջին բաժնեմասը տվեցինք ռուսներին, որով պարտավորվեցինք, որ մինչեւ 2043 թվականը՝ 30 տարով չենք ընդունելու որեւէ օրենք, իրավական ակտ, որը կառնչվի ՀայՌուսգազարդի համար սահմանված 20 տոկոս շահույթահարկի դրույքաչափին կամ ընդհանրապես որեւէ հարկային դրույք կփոխենք նրանց համար: Այն ժամանակ ԱԺ ամբիոնից բոլորը խոսում էին, որ մենք հիմա տալիս ենք սա ռուսական կողմին, դրանից հետո չեն թանկացնելու գազը: Հետո ՀՀ-ն միացավ ԵԱՏՄ-ին եւ էլի մեզ ասվեց, որ դուք ստանում եք գազի համար լավ պայմաններ, գազը չի թանկանա եւ բոլորն ուրախ ու երջանիկ գնացին մտան այդ միություն: Մեկ էլ երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում հայտարարում է, որ մենք նման համաձայնության ենք հասել, որ գազը չի թանկանա մյուս տարվանից, այն դեպքում, երբ նախապես այլ պայմանավորվածություններ կար այլ նորմեր էին կիրառելու գազի թանկացման հետ կապված, հիմա, ի ուրախություն բոլորի, չի թանկանա: Հիմա ուզում եմ հասկանալ, այս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել: Այսինքն, բանակցություններ է գնացել գազը թանկանալու մասին, մենք չգիտե՞նք, պոստ ֆակտում իմանո՞ւմ ենք»:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Այսօր մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է եւ այդ գինը սահմանվում է որոշակի ժամկետների համար: Մենք երբեւէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք, քանի որ ռուսական կողմը որեւէ մեկի հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամների հետ չի կնքում, շատ երկարատեւ պայմանագրեր: Մեզ հետ եւս պայմանագիրը կնքված էր մինչեւ 18-ը, հիմա երկարում է եւս մեկ տարով: Նա ընդամենը ֆիքսում է,որ գազի թանկացում տեղի չի ունեցել, այդ գինը շարունակում է գործել նաեւ եկող տարի: Բարձրացման վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա, կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ միշտ հրապարակում եք սահմանի վրա գազի գինը, որ դա ամենաէժան գինն է, բայց մենք տանը կրկնակի թանկ գազ ենք վառում, մեր քաղաքացիներին ինչի՞ չեք ճիշտը ասում»:
Մարուքյանն ասաց, որ գազային համաձայնագրի ժամանակ չէր ասվում 4-5 տարով է, այդ հիմա է բացահայտվում, որ մինչեւ 2018-ն է եղել. «Ես լավ հիշում եմ այն ժամանակ ԱԺ-ի ելույթները»:
Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց, որ գազի գնի հաստատումը եղել է հրապարակային տեղեկատվություն եւ միշտ հանրությունը իմացել է, թե դրա ժամկետը ինչքան է, ինչ ժամկետով է գործում. «Ես հորդորում եմ նայել ԵԱՏՄ երկրների՝ Ղրղըզստանի եւ Բելառուսի հետ հարաբերությունները եւ կտեսնեք, որ նույնն են: Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել այդ ստորագրությունից ի վեր եւ 2018-ին եւս բարձրանալու միտում չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ